Նոր մրցույթ` «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար. քանի հոգի է հայտ ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցութին մասնակցում էին այդ բժշկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից 2019թ. ապրիլի 22-ին այդ պաշտոնում նշանակված Վազգեն Մարգարյանը եւ Բերդի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանը: Վազգեն Մարգարյանը այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, մրցույթը բոյկոտել, բողոք ներկայացրել, որ մրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրեն չեն տրվել, ինչը օրենքի խախտում է: Այդ հարցաշարի բոլոր հարցերը նախապես տրվել էին մրցույթի մյուս մասնակից Էդուարդ Գրիգորյանին:

Վազգեն Մարգարյանի բողոքարկումից հետո ստեղծվել է մարզպետարանի հանձնաժողով: «Ժողովուրդ»օրաթերթը գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` հարցնելով, թե մարզպետարանի որ աշխատակցի մեղքով Վազգեն Մարգարյանին նախապես չեն տրամադրվել մրցույթի հարցաշարի հարցերը: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի պատասխանում նշված է. ««Իջեւանի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության թափուր պաշտոնի համար 01.10. 2019թ. անցկացված մրցույթի մասնակից Վազգեն Մարգարյանի բողոքի կապակցությամբ հայտնում եմ, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.07. 2011թ.«Առողջապահական պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության(նշանակման) մրցույթի օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքյաին պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշումը` ՀՀ Տավուշի մարզպետի ս/թ հոկտեմբերի 3-ի թիվ 134-Ա որոշմամբ` կազմվել է հանձնաժողով, եւ անցկացվել է քննություն: Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության եւ արձանագրության համաձայն` չի հաստատվել մարզպետարանի աշխատակցի թերացումը»:

Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը դրանից հետո որոշում է ընդունել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր մրցույթը անցկացնել 2019թ. դեկտեմբերի 18-ին: Նոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրածները 4 անձ են` Վազգեն Մարգարյանը, Էդուարդ Գրիգորյանը, Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը եւ Երեւանից մի բժիշկ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս