Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի գործը կփակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է 4 ամիս, եւ վերջինիս պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը կապ է հաստատել իրավապահների հետ` փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում իր պաշտպանյալի մասով հարուցված քրեական գործով:

Վաղարշակ Գեւորգյանին պատասխանել են, որ իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չկա անելու: Մեզ հետ զրույցում Վաղարշակ Գեւորգյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, իր պաշտպանյալի մասով քրեական հետապնդումը կդադարեցվի, եւ քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:

Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է`ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:

Հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են 2008-ին, նաեւ 2018-ին տրված փորձագիտական եզրակացությունների հետ: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն` կայացված փորձաքննությունների համաձայն` ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերովորեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:




Լրահոս