ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՐՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: 2019-ի արդյունքներով՝ Հայաստանը ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն, եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում, տարածաշրջան ասելով՝ նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով: Հայաստանը շարունակում է համարվել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Դրան զուգահեռ հրապարակվեց նաեւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հերթական նիստի ժամանակ ընդունված բանաձեւը, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին: Բանաձեւը հեղինակել եւ ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բանաձեւը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգում է, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչ հակասական տեղեկատվություն է տարածվել՝ ՀՀ-ի ժողովրդավարության հետ կապված:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը, բայց Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը այլ բանաձեւ է ընդունել՝ համարելով, որ ՀՀ-ն ավտորիտարիզմի ճանապարհին է: Սա ի՞նչ է նշանակում, ո՞ր տեղեկատվությունն է իրական:
-Ես համոզված եմ, որ ՀՀ վարչապետը սխալ ինֆորմացիա չի ներկայացրել, հստակ ճշտած տեղեկատվություն է ներկայացրել վարչապետը: Այն, որ ՀՀԿ-ն կարող էր այդպիսի բան աներ, կազմակերպեր, մոգոնել ինչ-որ ձեւով, ապա դա իրենց բնորոշ է:
-Բայց Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ ՀՀ-ն տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունն է:
-Դա միայն ես չեմ համարում, որ այդպես է, դա շատերն են համարում, այդ թվում նաեւ միջազգային հանրությունն է այդ տեսակետին: Հայաստանը հիմա շատ ժողովրդավար է, դա միանշանակ է, դրա մասին բոլորն են հայտարարում:
-Ընդդիմությունը այդ կարծիքին չէ, ավելին՝ իրենք համարում են, որ գնալով ավելի մոտենում ենք ավտորիտարի ճանապարհին:
-Ընդդիմությունը հայտարարում է, որ մամուլը ազատ չի, ընդդիմությունը հայտարարում է, որ քաղաքական հետապնդվող մարդիկ կան, իբրեւ թե, Հայաստանում հիմա քաղբանտարկյալներ կան: Ընդդիմությունը նման բան է ասում, բայց դրանք իրականության հետ որեւէ աղերս չունի, մեր հանրությունը շատ լավ գիտի, որ, օրինակ, ոչ մի քաղբանտարկյալ ՀՀ-ում չկա, դա ես կարող եմ պնդել: Դրանք ինքնանպատակ հայտարարություններ են, դրանք ինչ-որ փոքր ձեւերով ուզում են կպնել ՀՀ իշխանություններին: Բովանդակային որեւէ քննարկման մեջ իրենք չեն կարող կիքսեր գտնել, սխալներ գտնել, ստիպված այսպես բաներ են անում: Իրենք փորձում են իրենց շրջապատի մարդկանց ներկայացնել, թե, իբրեւ, սա է իրականությունը, բայց իրականում այլ իրավիճակ է:
-Բայց Կենտրոնամետ դեմոկրատների ներկայացված բանավեճում իշխանությունները ճնշումներ են գործադրել դատական իշխանությունների, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա: Դուք համակարծիք չե՞ք, որ վերջին ժամանակահատվածում ճնշում եղել է Հ. Թովմասյանի դեմ:
-Ոչ, ճնշում չի եղել, եղել են ընդամենը իրավական գործընթացներ եւ վերջ:

ՀՀԿ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ


-Պարո՛ն Շարմազանով, Կենտրոնամետ դեմոկրատների բանաձեւը, որը հեղինակել է ՀՀԿ-ն, այլ բնորոշում է ներկայացրել Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ տվյալներ է ներկայացնում: Իրականությունը ո՞րն է, ինչպե՞ս դա պարզի հանրությունը:
-Ես չգիտեմ, թե ով ինչ գնահատական է տալիս՝ Փաշինյանը կամ ինչ-որ միջազգային կառույցներ. ես նման գնահատական տվողներին փաստերով եմ պատասխանում: Այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է վարչապետը կոչ անում շրջափակել դատարանները, այնուհետեւ հաջորդ օրը անձամբ մասնակցում դատարանների շրջափակմանը, այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է գործադիրի ղեկավարը իր կողմնակիցների հետ արշավում ԱԺ-ի վրա, այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է վարչապետը իր քաղաքական ընդդիմախոսներին բաժանում սեւերի եւ սպիտակների, բաժանարար գծեր քաշում: Այդ ո՞ր ժողովրդավար երկրում է ՍԴ դատարանի դատավոր ընտրում, բայց ԱԺ-ում ՍԴ-ում հռչակում է իրեն ՍԴ-ի նախագահ, ու ո՛չ վարչապետը եւ ո՛չ էլ թիմակիցները ծպտուն չեն հանում: Ո՞ր ժողովրդավարական երկրում են խմբագրություններ մտնում, վարչապետն էլ թաթիկներ կտրելու հայտարարություններ անում, ասֆալտին փռում, դատավորներին վնգստացող համարում:
-Բայց Կենտրոնամետ դեմոկրատների բանաձեւը, նշվում է, որ պատվիրել են ՀՀԿ-ականները: Դա այդպես չէ՞:
-Այդ մեղադրողները թող մեղադրեն գործադիրի ղեկավարին ու իրենց, որ երկիրը սարքել են իրենց «դյուքյանը», ով ինչ ուզում, անում է: Մենք բոլոր մեր հայտարարություններում նշել ենք, որ այս հակաօրինական, հակաժողովրդավարական գործողությունների դեմ պայքարելու ենք բոլոր օրինական ձեւերով՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս բարձրաձայնելով այս խնդիրները: Մենք պետք է սպասենք, թե հիմա էլ ոնց են կուլ տալիս Սահմանադրական դատարանը:

 

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանն այսօր ավարտի իր աշխատանքները: Բանն այն է, որ օրակարգը շատ հագեցած էր օրենքի նախագծերով, բայց այս նստաշրջանում հիմնականում ոչ թե օրենքի նախագծեր էին քննարկվում, այլ հիմնականում «մարտեր» էին ընթանում ԱԺ երեք` «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «ԲՀԿ» խմբակցությունների միջեւ:

Մենք տեղեկացանք, որ ԱԺ-ում նպատակ կար քննարկումները շարունակելու հաջորդ շաբաթ, բայց քանի որ հայրենի կառավարությունը որոշեց, որ առաջիկա երկուշաբթին եւ երեքշաբթին ոչ աշխատանքային է, ուստի որոշել են ԱԺ ամբիոնից այլեւս ավելորդ ելույթներ չունենալ, արագացնել օրենքի քննարկումները եւ գարնանային նստաշրջանի առաջին նիստերը համարել ավարտված:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ԱԺ խմբակցություններում քննարկվել է այն հարցը, որ խորհրդրանում պետք է «կրքերը թուլացնել», քանի որ արդեն հանրության շրջանում սկսվել է լուրջ քննադատություն հնչել նրանց կատարած աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ խորհրդարանում հունվարի 21-ին, երբ սկսվեց երկրորդ ընթերցմամբ քննարկվել քրեական ենթամշակույթի օրենքի նախագիծը, քաշքշուկ սկսվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ: Դրանից հետո իշխող խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, սկսեցին քննադատել ԲՀԿ-ականներին ու «քարը քարին չթողնելով»` միմյանց վիրավորեցին ու անպատվեցին: Խմբակցության անդամները մոռացան, թե ինչի համար են խորհրդարան եկել, ու շեղվելով հիմնական օրակարգից` սկսեցին միմյանց վիրավորել ու «դաստիարակել»:
Եւ այսպես, այսօր խորհրդարանը սկսելու է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն երկար չի տեւելու. օրենսդիրներն ամեն ինչ կանեն այն կարճ ժամանակահատվածում ավարտելու համար:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտում է գտել՝ կապված Երեւան քաղաքի ավագանու անդամի վարքագծի հետ: Խոսքը, մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված ավագանու նիստի ժամանակ հնչած բազմաթիվ արտահայտությունների ու որակումների մասին է, որը, հանձնաժողովի գնահատմամբ, նսեմացնում է մարդու արժանապատվությունը, խախտում հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները: Մեջբերվում է, օրինակ, «քաղաքական անասնագողություն», «բարոյական օրինաչափություններից զուրկ», «դուք շատ փոքր մարդ եք», «չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը», «դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք ավագանու անդամին» արտահայտությունները: Ընդ որում, հետաքրքիր է, որ այս խոսքերը հիմնականում հնչել են Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից, եւ սա այն հայտնի նիստն է, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել էր հետ կանչել ավագանու իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին, սակայն հետո փոշմանել էր: Եվ հաշվի առնելով այդ նիստում հնչած խոսքերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է Երեւանի քաղաքապետին եւ ավագանուն հանձնաժողովի հետ առաջիկայում մշակել համայնքային ծառայողի եւ ավագանու անդամի վարքագծի կանոններ: Եվ նշվում է նաեւ, որ խախտվել են ոչ միայն գործող իրավակարգավորումներով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները, այլեւ մեր հասարակության մեջ համընդհանուր ընդունված էթիկայի նորմերը:

 

 

ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները կօպտիմալացվեն: Այսպես, «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Արգելոցապարկային համալիր» կազմակերպությանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս միացման արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ երկու ՊՈԱԿ-ները իրականացնում են միատեսակ գործառույթներ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Զիկատար բնապահպանական կենտրոնին» պետական միջոցներից այս տարվա համար հատկացվել է 15 մլն 603 հազար դրամ արգելավայրի պահպանության, գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար: Իսկ, ահա, «Արգելողապարկային համալիր» ՊՈԱԿ-ին ընթացիկ տարվա համար հատկացվել է 140 մլն 288 հազար դրամ դարձյալ տարածքների պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների համար:




Լրահոս