Ինձ համար էլ է հանելուկ, թե ինչու չեն նկարահանման հրավեր անում. Մարգարիտ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անուղղելիները» հեռուստասերիալի ավարտից հետո արդեն ավելի քան մեկ տարի է՝ դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանին էկրաններին չենք տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց պատճառների մասին. «Սերիալներից առաջարկներ առայժմ չկան, պատճառը չեմ կարող ասել. ինձ համար էլ է հանելուկ, բայց ոչինչ, տաշած քարը գետնին չի մնում, կարծում եմ՝ մի օր կստանամ առաջարկ: Խաղում եմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, բացի այդ, ունեմ մտքեր, որոնք հանձնում եմ թղթին. գուցե հետագայում մանրապատումների շարք ստեղծվի:

Հիմա Արթուր Հակոբյանի հետ հանդես ենք գալիս երգերով շաղախված բեմական մանրապատումներով, որոնք, ի դեպ, նաեւ ուսուցողական բնույթ են կրում, բացի այդ, առջեւում էլի նոր ծրագրեր են սպասվում: Սքեչերը ոչ միայն ստեղծագործելու, այլեւ գումար աշխատելու հնարավորություն են տալիս: Իմ այժմյան գործունեությունը գուցե այնքան էլ չի բավարարում ինձ, բայց ես գիտեմ, որ ամեն բան առջեւում է, լավ է լինելու»,- մեկնաբանեց դերասանուհին:

Հարցին, թե մտավախություն ունի արդյոք, որ իրեն կարող են մոռանալ, Մարգարիտ Խաչատրյանը պատասխանեց. «Բնավ չունեմ նման մտավախություն: Ժողովրդի արձագանքներն իմ նկատմամբ մինչեւ այսօր շատ ջերմ են ու տաք: Եթե էկրանային հարմար առաջարկ լինի, անշուշտ կընդունեմ այն: Ես իմ գործը շատ եմ սիրում, լրջորեն եւ բծախնդրորեն եմ վերաբերվում դրան: Պարզապես դեռ չի հասունացել այն պահը, որ ինձ կրկին հրավիրեն որեւէ նախագծում նկարահանվելու: Ես բազմապրոֆիլ դերասանուհի եմ, բայց եթե ռեժիսորներն ու պրոդյուսերները կարծում են, որ կան ինձնից լավերը, թող նրանք ընդգրկվեն նախագծերում»:

Նշենք, որ Մարգարիտ Խաչատրյանը նկարահանվել է մի շարք հումորային հեռուստանախագծերում, նա կատարում է նաեւ էստրադային երգեր: Հեռուստադիտողները դերասանուհուն հիշում են հատկապես «Վերվարածները» եւ «Անուղղելիները» սերիալներից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս