ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Վերջին օրերի մի շարք իրողություններ փաստում են, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ոչ միայն իրեն պատասխանատու չի համարում բանակում կատարվող սարսափելի միջադեպերի համար, այլ նույնիսկ իրեն թույլ է տալիս մեղադրել հասարակության տարբեր շերտերին, մամուլին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ այդ միջադեպերի մասին բարձրաձայնելու համար։
Պարոնայք պատասխանատուներ, բանակը ոչ մեկի սեփականությունը չէ, բանակը բոլորինս է, ու բանակը բոլորս ենք։ Իսկ բանակի ղեկավարությունը ոչ թե պետք է մեղադրի բանակում տեղի ունեցողի մասին բարձրաձայնողներին, այլ պետք է անձնական պատասխանատվություն կրի դրանց համար։
Պաշտպանության նախարարությունն էլ շարքային նախարարություն չէ, դա մի համակարգ է, մի կառույց է կառույց է, որի հետ կապ ունենք բոլորս, որտեղ մեր երեխաներն ու եղբայրներն են, որը մեր անվտանգության ու վաղվա օրվա երաշխավորն է։ Հետևաբար բանակի ողջ ղեկավարություն թող բարի լինի անձնապես պատասխանատվություն կրելու բանակում կատարվողի համար, թող պատրաստվի այդ մասին ավելի շատ բարձրաձայնումների ու մեղադրանքների, որովհետև բոլորս, այդ թվում ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, հետամուտ եմ լինելու զինված ուժերում կատարվող ամեն մի մահվան ելքով միջադեպի ամբողջական բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Երկրի վարչապետը, բանակի ղեկավարությունը պետք է հրաժարվեն զինված ուժերում արձանագրվող մահվան դեպքերը որպես վիճակագրություն ներկայացնելու դատապարտելի մոտեցումից։ Բանակում արձանագրվող մահվան ամեն դեպք անձնական ողբերգության մի պատմություն է, առանձին մի ընտանիքի անհաղթահարելի կորուստ, որի համար, կրկնում եմ, անձնական պատասխանատվություն են կրում զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարները։
Բանակը ոչ գեներալներն են, ոչ գլխավոր շտաբի անդամները ու ոչ էլ պաշտպանության նախարարը։ Բանակը առաջին հերթին մեր երեխաներն են, որոնց պաշտպանելու առաքելություն ունենք բոլորս։
Այնպես որ, բոլորս պետք է առաջնորդվենք «Զրո հանդուրժողականություն ոչ մարտական սպանություններին և ինքնասպանություններին» սկզբունքով, իսկ բանակի ղեկավարությանը պետք է հորդորել քաջություն ունենալ բանակի վրայից հարվածները վերցնելու իրենց վրա։
Մեզանից ու բանակի ղեկավարությունից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան բանակը»: