Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ի երեկոյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:

Պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:




Լրահոս