ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ ազգային ընտրանու արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումներից հետո։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը կրկին մնաց առանց գլխավոր մարզչի, կրկին պետք է փնտրել նոր մարզիչներ, եւ այս անգամ մեր երկրի գլխավոր թիմի գլխավոր «բոսսը», շատ հնարավոր է, որ լինի արտասահմանցի։
Կարծում ենք, որ Աբրահամ Խաշմանյանը ուղղակի չստացավ շանս իրեն դրսեւորելու հավաքականում։ Այո, նրա գլխավորությամբ մեր ընտրանին կրեց 2 պարտություն, որոնցից մեկը եղավ մեր պատմության՝ ամենախոշոր հաշվով պարտությունը (Իտալիա-Հայաստան՝ 9։1)։ Արդյունքները միանշանակ գոհացնող չէին, բայց արդարության համար պետք է նշել, որ Աբրահամ Խաշմանյանը ոչ լավ ժամանակ էր գլխավորել ազգային ընտրանին։ Կային ոչ լավ տրամադրվածություն եւ մի շարք վնասվածքներ, Խաշմանյանը իր վրա վերցրեց ողջ պատասխանատվությունն ու, ցավոք, ձախողեց։ Իտալիայից կրած գերխոշոր պարտությունից հետո բոլորը սկսեցին խոսել Խաշմանյանի՝ փորձակումներ կատարելու, սխալ մարտավարություն ու տակտիկական դասավորություն ընտրելու եւ հավաքականը փորձադաշտ սարքելու մասին։ Այսպիսի մի թեմայի մասին արդեն հասցրել ենք խոսել դեռ շատ վաղուց, երբ գրեթե նման իրավիճակում էր հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչներից Արմեն Գյուլբուդաղյանցը։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա չենք կարող չասել, որ Աբրահամ Խաշմանյանը ուղղակի չէր կարող խուսափել փորձարկումներ կատարելուց, քանի որ բացակայում էին հավաքականի առաջատար ֆուտբոլիստները, եւ այդ պատճառով, այսպես, թե այնպես, Խաշմանյանը ցանկանար, թե չցանկանար, պետք է ազգային ընտրանի հրավիրեր այնպիսի ֆուտբոլիստների, որոնք նման միջազգային մակարդակում խաղալու փորձ չունեն, կամ այդ փորձը այդքան էլ բավարար չէ։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ այդ պահը փորձարկումներ կատարելու համար ամենահարմար պահերից էր, որովհետեւ մեր թիմը արդեն իսկ հույսեր չուներ խմբից դուրս գալու եւ չէր պայքարում որեւէ արդյունքի համար։
Ամեն դեպքում, թիմը լիակատար ձախողեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերում, բայց պետք է նշել անպայման՝ այդ ձախողման մեջ Աբրահամ Խաշմանյանը չունի մեղքի ամբողջական բաժին։
Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ապա կարելի էր ենթադրել, որ Խաշմանյանը դեռ շանս կստանա հավաքականում, բայց այստեղ ունենք մի բայց, որն այս հարցի ամենակարեւոր կետն է։ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ հայտարարեց, որ այդ օրը խաղում էր ոչ թե ազգային հավաքական, այլ ուղղակի հավաքական։ Կարելի է ենթադրել, որ այս խոսքերը դուր չեն եկել մեր թիմի ֆուտբոլիստներից եւ ոչ մեկին։ Այս առիթով արտահայտվել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար պաշտպաններից Վարազդատ Հարոյանը. «Մենք պարտվեցինք իտալացիներին 1։9 հաշվով, որը մեզ համար ուղղակի մղձավանջ էր։ Դրանից հետո Աբրահամ Խաշմանյանը մամուլի ասուլիս է տալիս եւ հայտարարում, որ խաղադաշտ էր դուրս եկել ոչ թե ազգային հավաքական, այլ ուղղակի հավաքական։ Նման խոսքեր լսելուց հետո զայրույթը ավելի մեծ է դառնում։ Հավաքականի գլխավոր մարզիչը իրավունք չունի նման խոսքեր ասելու իր ֆուտբոլիստների հասցեին։ Այս հավաքականում, բացի ինձնից, խաղում են նաեւ իմ ընկերները։ Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ դու նման բաներ ես ասում այդպիսի խաղից հետո, դա անընդունելի է։ Կարծում եմ՝ նշանակություն չունի՝ ինչ հաշվով ես պարտվում՝ 1։9, թե 0։15. մարզիչը իրավունք չունի նման կերպ արտահայտվելու։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր աշխատել նման մասնագետի հետ։ Կարող եմ նշել նաեւ, որ խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել»,- ասել էր Վարազդատ Հարոյանը։
Իտալիայի դեմ խաղից հետո մեր հավաքականի ճամբարում ամեն ինչ խառնվեց իրար, եւ, ի վերջո, այդ ամենի արդյունքում եղավ պաշտոնական հայտարարություն՝ Խաշմանյանն այլեւս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ։
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում։
Դեռեւս հայտնի չի՝ ՀՖՖ-ն որ մարզչին է տեսնում այդ պաշտոնում, բայց հուսանք, որ ով էլ գլխավորի մեր հավաքականը, այդ պաշտոնավարումը կլինի երկարատեւ։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին մարտի 26-ին եւ 30-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով համապատասխանաբար Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս