ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրական փոփոխությունները՝ ավելի ուշ․ ժամկետները կփոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը:

Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է մշակվեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում հանձնաժողովի կազմավորումից ի վեր երկու նիստ է անկացվել։ Հիմնականում ձեւավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը եւ հաստատվել՝ աշխատանքային պլանը։ Եվ ահա, մեր տեղեկություններով, վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն եւ առաջիկայում այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն կլինի։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից հաստատված նախագծով մասնագիտական հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, պատգամավորներ՝ բոլոր խմբակցություններից, ինչպես նաեւ հասարակական սեկտերի ներկայացուցիչներ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը եւ իրավաբան գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս