ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
-Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցում ասել է՝ մեջբերեմ նրա ուղիղ խոսքը․ «Հպարտությունն ի դեպ մեղք է, դա ես չեմ ասում, դա Աստվածաշունչն է ասում։ Հպարտը չի խոնարհվում, հպարտը չի ընդունում»։ Դուք որպես հպարտ քաղաքացի ինչպե՞ս եք դուրս գալու Աստվածաշնչյան այդ մեղքի տակից։
-Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը, թերևս կասեմ մի բան․ տարիներ շարունակ մարդկանց խեղճացնելը, կարծում եմ , շատ ավելի մեծ մեղք է։ Այնպես որ, այն ինչ-որ արել են նախկին իշխանությունները տարիներ շարունակ, հաստատ շատ ավելի մեղք է , քան մարդուն ասելը, որ դու պետք է հպարտ լինես։
-Ապրիլի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանր մեղադրանքներ առաջադրեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին․․․
-Ելնելով անմեղության կանխավարկածից չեմ ուզում ինչ-որ գնահատական տալ, բայց , այնուամենայնիվ, արդեն երևույթն ինքնին տհաճ է, երբ հոգևորականն հայտնվել է նման իրավիճակում, թե ինչ ընթացք կունենա դա, կարծում եմ ՝ դեռ վաղ է խոսելը, բայց նորից եմ կրկնում, որ երևույթը ինքնին տհաճ է։
-Պարո՛ն Հակոբյան, երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում խոստացավ, որ արտակարգ դրության ավարտից հետո կխոսի ավելի բաց ու հասցեական։ Ձեր կարծիքով ինչո՞ւ նա հենց այս փուլում ցանկություն հայտնեց խոսել, և ինչի՞ մասին պետք է նա խոսի։
-Տարօրինակ եմ համարում, որովհետև արդեն շատ վաղուց է՝ որոշ մարդկանց կողմից միշտ հնչում է շուտով կխոսեմ, այս ինչ բանից հետո կխոսեմ, կամ ժամանակը կգա կխոսեմ, ճիշտն ասած այդ հետոն խոսելու, ասելու իմաստը չեմ հասկանում, եթե խոսելու բան ունեն, ինձ թվում է, պետք է հենց այդ պահին խոսեն։
Լիդա Եղիազարյան