Վերջին անգամ Վարդենիսից դուրս եմ եկել փետրվարին. բժշկուհին մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժշկուհի Լ․ Գ․-ի հետ, որը, ըստ տեղեկությունների, առաջին վարակակիրն է եղել, ում միջոցով քաղաքում տարածվել է վիրուսը: Սակայն բժշկուհին մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ Վարդենիսում առաջին թեստավորվողը, որից հետո պարզ դարձավ, որ քաղաքում վիրուսը տարածվել է: Բժշկուհին մանրամասներ է ներկայացրել վիրուսի տարածման հետ կապված:

-Բժշկուհի, Դուք մեզ հետ զրույցում ասել էիք, որ պացիենտներից եք վարակվել: Այս ընթացքում, երբ մեկուսացած եք հիվանդանոցում, փորձել եք վերհիշել, թե մոտավորապես ո՞վ կարող էր վարակակիր լինել, որի հետ շփվել եք, որպեսզի կարողանան պարզել, թե որտեղ է օջախը:

-Ես այժմ Երեւանի օրթոպեդիկ հիվանդանոցում եմ, ես ցանկանում եմ մի քանի մանրամասներ ներկայացնել: Նախ, երբ իմ ինքնազգացողությունը վատացավ, ես խնդրեցի պոլիկլինիկայի տնօրեին, որպեսզի թեստովորում անենք, բանն այն է, որ մեր շրջաբերականում նշված էր, որ պետք է արտասահմանում եղած լինեին, կամ վարակակիրների հետ շփված լինեին, որպեսզի թեստավորում անեին: Ես բժշկուհուն ասեցի, որ տարբեր մարդիկ եկել են, հյուր են մնացել, գնացել եկել են տարբեր տեղերից, հո մենք չէինք կարող դրա մասին լրիվ իմանայինք։

Պացիենտները գալիս էին ու ասում, որ մենք ոչ մի տեղ չենք եղել եւ այլն, բայց ինչ իմանանք ճիշտն են ասել, թե չէ: Ես իմ տնօրենին ասացի, որ հավականություն կա հիվանդներ լինեն: Ասեց եղավ բժշկուհի ջան, ես անպայման կկազմակերպեմ թեստավորումը: Զանգեց, խնդրեց հիվանդանոցի տնօրենին, դա երեքշաբթի էր, երկուշաբթի գործի չեմ գնացել, երեքշաբթի կեսօրից հետո տնօրենն ասել էր` մենք կարող ենք թեստավորել: Գնացի, թեստավորվեցի, հինգշաբթի առավոտյան զանգեցին, ասացին քեզ մոտ բացասական է, ես էլ գնացի դեղ առա, եկա, որ նոր սկսվող թոքաբորբ էր ինձ մոտ, որպեսզի բուժեմ: Իրիկունը արդեն ինձ զանգեցին ու ասեցին, թե դրական է պատասխանը, ասեցի, բա ասել էիք բացասական էր, թե ինչ էին խառնել չգիտեմ, այդպես ասեցին: Ասեցին, չէ քեզ մոտ դրական է, պատրաստվի տանում ենք Երեւան: Ու եկանք Երեւան:

-Այսինքն մինչեւ որոշել են թեստավորել այդ ժամանակահտվածում, արդեն հասցրել են Ձեր շրջապատի մարդիկ վարակվել:

-Ես մի հետաքրքիր տեղեկություն ասեմ, ինձ հետ աշխատող, առավոտից իրիկուն իմ աշխատասենյակում գտնվող բուժքույրերի մոտ թեստը բացասական է, ես աշխատում եմ նաեւ մանկական բաժնում, բժշկի սենյակում ենք եղել, մանկաբույժի մոտ էլ թեստը բացասական է: Ես իմունիզացիայի բուժքրոջ հետ եմ աշխատել, մատյաններ եմ նայել, քննարկել ենք, իր մոտ էլ է բացասական, այսինքն այն անձանց հետ որ աշխատել եմ իրենց մոտ բացասական է: Այսինքն իրենց մոտ էլ բացասական, երբ ես խնդիր եմ ունեցել մնացել եմ տանը, երկու օր հետո ինձ թեստավորել են, մնացածն էլ ասել եմ: Ես առաջին թեստավորվողն եմ եղել Վարդենիսում:

-Այդ դեպքում չեք փորձել հիշել, թե ո՞ւմ հետ եք շփվել, ումից հնարավոր էր վարակվել եք:

-Ուրեմն նայեք, ես հիվանդների վրա եմ կասկածում, որովհետեւ իմ շրջապատի, այն սերտ շփումները, որը ես ունեցել եմ վարակված չեն: Իրենց մոտ կրկնում եմ բացասական է եղել: Ես երբ թույլ եմ եղել, տուն եմ գնացել, տանն եմ եղել:

– Թեեւ Դուք հերքում եք, որ Վարդենիսից դուրս չեք եկել, սակայն կան պնդումներ, որ կրոնական հավաքի եք մասնակցել Էջմիածին քաղաքում, որը մինչ վերջերս համարվում էր վարակի ամենաակտիվ օջախը: Հիմա էլ եք պնդո՞ւմ, որ Վարդենիսից դուրս չեք եկել: Ի՞նչ ապացույցներ ունեք:

-Այո, ես պնդում եմ: Ես կրկնում եմ իմ չափորոշիչները, ես խնդրել եմ կողքի գյուղից, ծանոթի միջոցով ուղարկեն, ես այդքան ժամանակ չեմ ունեցել, որպեսզի գնամ ինքս բերեմ: Ես վերջին անգամ փետրվարին եմ դուրս եկել, Երեւան եմ եկել փետրվարի սկզբին մեքենայի գրանցման հարցերով: Ես դուրս չեմ եկել Վարդենիսից:

– Արդեն հայտնի է, որ Վարդենիսի հիվանդանոցում էլ են վարակվել: Ի՞նչի հետ եք շփում ունեցել այնտեղ եւ ո՞ւմ հետ:

-Վարդենիսի հիվանդանոցում, ես վերջին անգամ հիվանդին դուրս եմ գրել փետրվարի վերջ ու ես ժամանակ չեմ ունեցել, որ այնտեղ տանեմ, հիվանդ պառկեցնեմ: Այսինքն, երբ որ հիվանդ ունենամ, տանեմ այնտեղ հիվանդին ստուգեմ, հսկողության տակ վերցնեմ, ես լարված աշխատել եմ, հիվանդանոց չեմ էլ գնացել, այնտեղ գործ չեմ ունեցել: Պարզ է, որ այնտեղ էլ հիվանդներից է եղել, ոնց որ մենք ենք հիվանդներից վարակվել, նույն կերպ էլ իրենք են վարակվել: Մարդիկ կան, հարցնում էի դրսի հետ շփումներ ունեցել եք, հիվանդների հետ շփվել եք, հյուրեր ունեցել եք, մուննաթ գալով հայտարարում էին, ուր պետք է գնայի՝ գոմից տուն, տնից գոմ: Շատ տարբեր հիվանդների հետ ենք շփվել, շատ իմանանք ճիշտ են ասել, թե սխալ:

– Դուք մեզ ասել էիք, որ Ձեզ թեստ չեն արել` հղում անելով մարզպետին, թե մարզում կորոնավիրուս չկա, հետեւաբար ցուցում չկա թեստ անելու․․․

-Ես, որ ասեցի թեստ անենք, ասեցին` ինչի ես դրա մասին մտածում, մարզում վիրուս չկա, ասի պետք է թեստավորենք, որ իմանանք կա, թե չկա: Ես իմ տնօրենի հետ եմ խոսել, որից հետո կազմակերպեցին: Ի դեպ, ռելոգի պատասխանն էլ բացասական է եկել, ռենտգենի վրա տեսանք բրոնխիտա: Ես տեսա սկզբում պատասխանը, ասեցին բացասական է, ես գնացի դեղեր առնելու, որպեսզի ինքս ինձ բուժեմ: Բայց հինգշաբթի այլ բան են ասել:

– Մինչ թեստավորվելը, խնդրում եմ հիշեք, դուք Վարդենիսում որտեղ եք եղել: Նշվում է, որ խանութ, դեղատուն, մատնահարդարի տուն, վարսավիրանոց եւ այլ տեղեր եք եղել: Մանրամասնեք խնդրում եմ:

-Ոչ, ես ոնց կարող էի հիվանդ նման տեղեր գնայի, ես առողջ ժամանակ եմ գնացել: Ամբողջ ցավը դա է, որ ես չեմ գնացել նման տեղեր, իմ մազերը վերջին օրերին իմ աղջիկն է հարդարել, քանի որ վարսավիրանոցը փակ էր, ես ոնց կարող էի նման հիվանդ ձեւով նման տեղեր գնայի, չկա նման բան:

– Ձեր փեսան ձեզ հետ երբ է շփվել. քանի որ նա էլ Վարդենիսի տուն Ինտերնատում է աշխատում, եւ այնտեղ եւս անհանգստություն կա:

-Այո, իմ փեսան աշխատում է տուն ինտերնատում, իմ փեսայի մոտ թեստը եկել է բացասական, հիմա իմ փեսան Ծաղկաձորում է: Ես զարմանում եմ մարդկանց ֆանտազիայի վրա, որ նման բան են ասում:

– Չլինելով վարդենիսցի` աշխատում եւ այսօր ապրում եք հեռավոր այդ քաղաքում, եւ հիմա Ձեզ քննադատում են վարակակիր լինելու ու մյուսներին վարակելու համար, քննադատություններին ինչպես եք վերաբերվում:

-Կրկնում եմ, ես շփվել եմ իմ կաբինետի բուժքույրերի հետ, որոնց մոտ թեստը բացասական է: Պացիենտների մասով չեմ կարող որեւէ բան ասել, շատերի ենք ընդունել: Ես կարծում եմ ինֆեկցիան անցել է աչքերի միջոցով, որովհետեւ վերջին օրերին իմ աչքերը անտանելի մռմռոց էր, ուժեղ այրոցներ ունեի, աչքերի շրջանում: Ես Վարդենիսում առաջին թեստավորվածն եմ, ոչ թե առաջին վարակակիրն եմ: Դրանք շատ տարբեր բաներ են: Ես անմիջապես անցել եմ գործի, իմ քույրը, որի հետ նույն սենյակում ենք քնել, իր մոտ եւս բացասական է: Ճշտումներ են պետք մտցնել տարածվող տեղեկություններին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս