Դդմաշենից վարակակիրը եղել է Հրազդան քաղաքից, ով շփվել է 60-70 հոգու հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ելքն ու մուտքը սահմանափակված է: Գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է մոտ 20-25 հոգի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Դդմաշեն համայանքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:

«Գյուղում թաղման արարողություն է եղել, որին մասնակցել են նաև Հրազդանից մահացածի հարազատները: Վարակակիրը եղել է Հրազդան քաղաքից, ով շփվել է 60-70 հոգու հետ, հիմա բոլորը մեկուսացված են: Հիվանդ է եղել չի իմացել, մասնակցել է թաղմանը: Վարակակիրը կին է, եկել էր հորեղբոր տղայի թաղման արարողությանը, իրենք էլ շատ մեծ ազգ են: Իրենք մենակ քույր եղբայրով 60-70 հոգի են»,-նշեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են թույլատրել թաղման արարողությանը ներկա գտնվեն մեծ  թվով մարդիկ, նա պատասխանեց.

«Ես ինքս մասնակցել եմ թաղմանը, կուտակումներ չեն եղել, զգուշացվել են. 5-10 հոգի մտել , դուրս են եկել: Իրենք հարազատներով միմյանց հետ սերտ շփում են ունեցել ու վարակվել են: Հիմա ում մոտ, որ հաստատվել է, հիվանդանոցում է , իսկ մնացածը մեկուսացած են տարբեր հյուրանոցներում»:

Համայանքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին Դդմաշեն համայնքում առկա է երեք անցակետ, գյուղում շրջում են ոստիկանության աշխատակիցները. «Խուճապ բոլորովին չկա, մենք էլ ոստիկանության աշխատակիցների հետ հսկում ենք, որպեսզի մարդիկ տներից դուրս չգան»:

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։

 

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս