Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում, երբեմնի իշխանականները  մտադիր են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը, ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ինչպես հայտնի է ապրիլի 15-ից քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել, հանդիպումներ է ունենում խորհրդարան անցած ուժերի հետ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակով։ Բանն այն է, որ նորընտիր խորհրդարանում 5 ուժ է ներկայացված, բայց ոչ մեկը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Հենց այս նպատակով էլ նորընտիրը հանդիպումներ է ունեցել 3 մանդատ ստացած ՀՅԴ-ի, 2 մանդատ վերցրած ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի հետ, որի գլխավորած ուժը թվաքանակով երկրորդն է խորհրդարանում։

Սակայն բանակցությունները կարծես թե հարթ չեն ընթանում։ ՀՅԴ-ն եւ Աշոտ Ղուլյանը մեծ պահանջներ են ներկայացրել եւ բանակցություններն անպտուղ են ավարտվել, չնայած դեռ չեն հայտարարում այդ մասին։ Մեզ հասած լուրերով, Ղուլյանը հավակնել է արտգործնախարարի պաշտոնին, նա գտնում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ամբիցիաները կբավարարվեն միայն այդ պաշտոնը ստանալով։ Սակայն նույն պաշտոնի համար պայքարում է նաեւ դեռեւս գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն էր, ինչ որ մի փուլում վերջինիս կոշտ քննադատը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ Մայիլյան-Հարությունյան մի քանի հանդիպում է տեղի ունեցել եւ կա տրամադրվածություն արտգործնախարարի պոստը թողնել Մայիլյանին։ Այս հարցում կարծես թե կա հայաստանյան իշխանությունների «դաբրոն», ինչի պատճառով էլ Ղուլյանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։ «Դրանք միայն լուրեր են, չկա նման բան», մեր տեղեկություններին ի պատասխան ասաց Ղուլյանի օգնականը՝ հաստատելով սակայն, որ դեռեւս Հարությունյանի հետ համաձայնության չեն եկել, երբ կգան՝ կհայտնեն։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա մեր աղբյուրն ասաց, որ նրա համար լավ ժամանակներ են սկսվում, քանի որ եթե ՀՅԴ-ն ու ԱԺԿ-ն զբաղեցնեն ընդդիմադիր դաշտը, որտեղ իր կայուն տեղն ունի Վիտալի Բալասանյանն՝ իր մեկ մանդատով, ապա Արայիկ Հարությունյանը մնալու է Սամվել Բաբայանի քաղաքական ուժի հույսին ու ստիպված իրականացնելու է նրանց ցանկացած պահանջտ։ Արդեն տեղեկություններ կան, որ Բաբայանը պաշտոններ ու աշխատանք է  խոստանում յուրայիններին։ Չի ստացվել նաեւ ՀՅԴ-ի հետ պայմանավորվել, կրկին՝ պահանջներն ու ստացած մանդատները համարժեք չեն եղել»։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։




Լրահոս