Մայրս ծանր տարավ իմ մասնակցությամբ դաժան տեսարանները. Նիկոլայ Եղիազարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ «Սպանել 15 րոպեում» մարտաֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է նաեւ դերասան Նիկոլայ Եղիազարյանը` այս անգամ եւս բացասական կերպարում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց իր նոր կերպարի, պրեմիերայի օրը դահլիճում առկա ծիծաղի հնարավոր պատճառների մասին: Դերասանն անդրադարձավ նաեւ իր ստեղծագործական դադարին` նշելով, որ տեւական ժամանակ չի համակերպվել դրա հետ:

-Նիկոլա՛յ, թեեւ հանդիսատեսը սովոր է Ձեզ տեսնել բացասական դերերում, այս վերջին կերպար, այնուամենայնիվ, թվում է՝ բավական դաժան է տրվել…

-Թեեւ այս ֆիլմի մարտական տեսարաններում ընդգրկված չեմ, մարմնավորել եմ ուժեղ, դաժան կերպար, որին, սակայն, շատ սիրեցի: Ֆիլմի դիտմանը ներկա էր նաեւ ընտանիքս, եւ ես զգացի, թե մայրս ինչ ծանր տարավ իմ ներկայությամբ տեսարանները, որտեղ անխղճորեն սպանում էի մարդկանց, ես նկատեցի, թե նա որքան էր լարվել: Բացասական կերպարներով հանդես գալ, առհասարակ, սիրում եմ, թեեւ դրանք բավական հեռու են իմ բնույթից, փորձում եմ հետաքրքիր մատուցել:

11017023_424082037766103_7041739254331093461_n

-Ֆիլմի որոշ տեսարաններ դիտելիս հանդիսատեսը չի կարողացել զսպել ծիծաղը: Ոմանց կարծիքով՝ որոշ հատվածներում առկա են եղել չափազանցություններ: Ի՞նչ կասեք:

-Իրոք, կային պահեր, որ հանդիսատեսը ծիծաղում էր: Չեմ կարող ասել, թե որն էր այդ ծիծաղի առիթը, քանի որ ամեն մարդու մոտեցումը սուբյեկտիվ է, սակայն պետք է նկատենք, որ ֆիլմում կային հումորային դրվագներ: Միգուցե մարտական տեսարաններում զենքերն ու կրակոցները շատ էին, գուցե որոշ դրվագներ անհավատալի էին թվում, բայց պետք չէ մոռանալ, որ դա ֆիլմ է: Ինքս այն կարծիքին եմ, որ չափազանցություն կար, հերոսները կարող էին ավելի քիչ կրակել, այդ դեպքում ֆիլմը որոշ անձանց ծիծաղի տեղիք չէր տա: Ամեն դեպքում, կուզենամ, որ ժողովուրդն ըմբռնումով մոտենա կատարված աշխատանքին ու քաջալերի պրոդյուսեր եւ մտահղացման հեղինակ Էդուարդ Փոռեյանին:

10984161_804367182987752_7520332371887697148_n

-Մի ժամանակատված կար, երբ Դուք անընդհատ էկրաններին էիք, սակայն վերջին շրջանում Ձեզ չենք տեսնում սերիալներում: Ի՞նչն է պատճառը, գուցե կոնֆլի՞կտ ունեք ստեղծագործական անձնակազմի հետ:

-Ո՛չ, որեւէ կոնֆլիկտ չունեմ, անձնակազմի անդամների հետ շատ մտերիմ եմ: Իսկ ստեղծագործական դադարն, իսկապես, գուցե երկար տեւեց: Մի պահ կար, երբ չէի համակերպվում այն մտքի հետ, որ զբաղվածություն չունեմ: Նախ` հոգեւոր սնունդի կարիք առաջացավ, բացի այդ` ինչո՞ւ ոչ` ֆինանսական դժվարություններ էլ ծագեցին: Բայց ես չեմ չարանում, այս դադարին նորմալ եմ նայում: Հիմա սպասում եմ հարմար առաջարկի:

11037462_845275352197627_3971420433700518733_n

-Վերջին շրջանում բեմում էլ Ձեզ չենք տեսնում, իսկ որոշ ժամանակ առաջ Ռասկոլնիկով էիք խաղացել. նման դերերը պարտավորեցնող չե՞ն:

-Առհասարակ, շատ եմ սիրում թատերական աշխարհը, միշտ հետաքրքրվում եմ մեր մեծերով, հաճախ այցելում եմ պանթեոն, եւ երբեմն ինձ վախեցնում է նրանց մեծությունը. վախենում եմ, օրինակ, Մհեր Մկրտչյանից, Խորեն Աբրահամյանից, Վահրամ Փափազյանից հետո ինչ-որ բան անել կամ ինչ-որ բան վատ անել: Բայց ես գիտեմ, որ, միանշանակ, լինելու եմ թատրոնում: Ինչ վերաբեվրում է Ռասկոլնիկովին, ինքս իմ եւ նրա միջեւ տեսնում եմ որոշ ընդհանրություններ. դրանք նկատել են անգամ որոշ մասնագետներ:

-Հեռուստադիտողներն արդեն հնարավորություն ունեն տեսնելու Ձեզ «Անհայտ հասցե» ռեալիթի շոու-նախագծի շրջանակներում` էքստրեմալ իրավիճակներում: Գիտենք, որ ստիպված եք եղել մի շարք փորձություններ հաղթահարել, կպատմե՞ք:

-Իրոք, շատ հետաքրքիր նախագիծ է, որը երկու ամիս լինելու է եթերում: Այդ խաղը հնարավորություն տվեց ճանաչելու մասնակիցներին` դժվարության, փորձության, հաղթանակի ու պարտության պահին: Մենք եղել ենք կիսասոված, շփվել ենք սողունների հետ, հասկացել ենք, թե դժվարության պահին ով է պատրաստ մեզ օգնելու, ով է ցավ ապրում, երբ սայթաքում ենք եւ այլն: Մասնակիցների թվում եղել են Լիլիթ Կարապետյանը, Թինա Քեյը, Դավիթ Աֆրիկյանը, Տաթեւ Սարգսյանը եւ այլք:

10993969_814323101954543_7210821010515490743_o

– Նիկոլա՛յ, վերջում եկե՛ք մի փոքր էլ խոսենք Ձեր անձնական կյանքի մասին: Մի ժամանակ ակտիվորեն պատմում էիք Ձեր սիրելիի մասին, անգամ մտադիր էիք օրինականացնել հարաբերությունները: Վերջին շրջանում, սակայն, կարծես թե լռում եք այդ մասին:

-Անկեղծ ասած` չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային: Իրոք, չեմ ուզում խոսել այդ մասին, երբ լինում է ռեալ ասելիք, ես փորձում եմ կիսվել, բայց հիմա կոնկրետ ասելիք չունեմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս