«Ես ի վիճակի չեմ աշխատելու». ինչ է պատմում մանկապարտեզի տնօրենը Դեբեդում երեխայի խեղդվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին Ալավերդու թիվ 3 մանկապարտեզից 5-ամյա երեխա էր դուրս եկել եւ խեղդվել Դեբեդ գետում: Դեպքից հետո մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակչուհին հեռացվել են աշխատանքից:

ArmLur.am-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրենը՝ Ռուզաննա Ավետյանը, հայտնեց, որ ինքն ի վիճակի չէ աշխատելու: Արդյոք կատարվածում կա՞ իր մեղավորությունը, Ավետյանը չպատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որեւէ բանի մասին խոսել: Իրավապահները դեպքով զբաղվում են, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- կարճ պատասխանեց տնօրենը:

ArmLur.am-ի հարցին՝ իր ղեկավարած նախադպրոցական հաստատությունն այլ դաստիարակներ ունի՞, Ավետյանը դրական պատասխան տվեց:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մինչ դաստիարակի ահազանգի հետքերով գնացած ծնողները որոնել են երեխային, վերջինիս պապն արդեն հայտնաբերել եւ տեղափոխել է Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն փոքրիկն արդեն մահացած է եղել:

Դաստիարակչուհին հայտնել է, որ ներկա-բացակա անելու ժամանակ երեխան տեղում է եղել, ավելի ուշ նկատել է, որ նա չկա:

Խնդիրն այստեղ, թերեւս, այն է, դժբախտ դեպքի զոհ գնացած երեխան հատուկ ուշադրության պետք է արժանանար, քանի որ նա լսողական խնդիրներ ուներ: Ավելին, հենց այս խնդիրն է պատճառ հանդիսացել, որ ծնողները որոշել են երեխային մանկապարտեզ տեղափոխել: Սովորաբար մանկապարտեզ տեղափոխված նոր սաներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում գոնե մինչեւ այն պահը, երբ երեխան հարմարվում եւ ընտելանում է միջավայրին:

Իսկ թե ինչու է դաստիարակը նրան անուշադրության մատնել, կպարզի քննությունը:




Լրահոս