Ով կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնոց Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում եւ դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ:

Պապոյանը որպես դատավոր իր գործունեությունը սկսել է 2011 թվականից: Նա մինչև 2014թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ինչպես հայտնի է,  Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում  փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը: Այս գործով արդեն երկու ձերբակալված կա, որոնցից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է: Գործի նյութերում նշվում է, որ հենց նա եւ «Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանն են «գլխավորել» ընտրակաշառք բաժանելու գործընթացը: Հավելենք, որ Սեդրակ Առուստամյանն արդեն կալավորված է այլ քրեական գործով:

Ք.Մ.




Լրահոս