ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը վիրահատվել է. դատարանը որոշում կայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում նշելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այսօր դատարան էին հրավիրել վկա Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանին, որը չէր ներկայացել դատարան: Դատարան դիմում էր ներկայացրել Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ օրերս վիրահատվել է ու առողջական խնդիրներից ելնելով պետք է գնա հետագա բուժման համար Ֆրանսիա, ուստի անհրաժեշտ է բացակայելու արգելքը վերացնել եւ թույլ տալ հատել ՀՀ սահմանը, ինչը դատավոր Վահե Դոլմազյանը բավարարեց:

Քնար Մանուկյան




Լրահոս