«Քառյակի» ներսում դժգոհություններ կա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը նշեցին, թե քառյակի կազմում կան այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցությունն այնքան էլ արդյունավետ չի ընթանում:

«Քառյակի» ներսում առկա տարաձայնությունների, ՀՅԴ-ի յոթ կետերի և սահմանադրական բարեփոխումների մասին Armlur.am-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

_Պարո՛ն Հակոբյան, հաճա՞խ են տարաձայնություններ լինում քառյակի ներսում:

– «Քառյակը» համագործակցության դաշտ է, և համագործակցում ենք: Մնացյալ հարցերը ճիշտ կլինի ճշտել հենց Դաշնակցությունից:

– Իսկ հենց «Ժառանգության» և մյուս անդամների միջև տարաձայնություններ լինո՞ւմ են:

– Բոլորի մոտ էլ տարաձայնություններ լինում են, բայց հենց «քառյակի» նպատակն այն է, որ եթե տարաձայնություններ կան, հարթենք դրանք և մինչ այս պահը հարթում ենք այս տարաձայնությունները: Եվ մեր խնդիրն է միասնական օրակարգ ձևավորելը համագործակցության մթնոլորտում, որը կարծում եմ մինչ այժմ ստացվել է:

– Ի՞նչ կարծիք ունեք ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետերի մասին:

– Այդ կետերին մենք ծանոթացել ենք, ողջունել ենք դրանք, ընդունել ենք և նույնիսկ ավելացրել ենք մի քանի կետ մեր կողմից: Մենք լիովին կողմ ենք համակարգային փոփոխություններին:

– Իսկ «Ժառանգությունը» որքանո՞վ է կողմ սահմանադրական բարեփոխումներին:

– Հարցը պետք է  բաժանել երկու մասի: Մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, 90-ականների սկզբից որպես այլընտրանք միշտ քննարկման է դրված եղել խորհրդարանական պետական կառավարման համակարգի հարցը: Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովում նաև որպես այլընտրանք ներկայացված էր նախագիծ, որտեղ պետական համակարգը պառլամենտականն էր: Այսինքն, այս համակարգին անցնելը միշտ եղել է մեր օրակարգում:

Արդյո՞ք սա այն պահն է, որ պետք է  քննարկվի այս հարցը, երբ կա սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանր իրավիճակ, երբ պետությունը գտնվում է այդպիսի իրավիճակում:

– Իսկ այս պահին դրա անհրաժեշտությունը կա՞:

– Մենք գտնում ենք, որ այս պահը ճիշտ չի ընտրված սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առումով, սակայն կրկնում եմ ևս մեկ անգամ, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումն առավել արդյունավետ է մեր երկրի համար, քան այն համակարգը, որով առաջնորդվում ենք այժմ:

 Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս