ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՏԱՐԻ

Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին տոնում է իր ծննդյան 90-ամյա հոբելյանը: Նա տարին սկսել է համերգների իսկական տարափով: Մարտի 15-ին լեգենդը ելույթ ունեցավ Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում, այնուհետեւ անակնկալ մատուցեց Լոձ քաղաքի իր երկրպագուներին: Ազնավուրի հաջորդ համերգը մայիսի 12-ին էր` Երեւանում: Այնուհետեւ Շ. Ազնավուրն իր ծննդյան տոնը կնշի գերմանացի հանդիսատեսի հետ՝ մայիսի 22-ին «O2 World» համերգասրահում: Երկու օր անց լեգենդը կրկին բեմում կլինի, եւ այս անգամ Ֆրանկֆուրտի «Festhalle»-ից կրկին կգերի ունկնդիրներին: Հաջորդ կանգառը Լոնդոնն է եւ «Ալբերտ» սրահը: Այնուհետեւ հունիսի 26-ին Ազնավուրին կսպասեն Բարսելոնայում: Սեպտեմբերին լեգենդը կմեկնի ԱՄՆ, ապա նոյեմբերի 11-ին կրկին կվերադառնա Եվրոպա. նա հանդես կգա Բելգիայի «Lotto Arena» սրահում: Ազնավուրի հոբելյանի առթիվ ամբողջ աշխարհում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Ի դեպ, նման միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռեւս տարեսկզբին: Մինչեւ տարեվերջ կլինեն բազում անակնկալներ՝ թե՛ Ազնավուրի, եւ թե՛ նրա երկրպագուների կողմից:

ՄԱՀԱՑԵԼ Է ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Երեկ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը: Նա ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Նա 60 տարիների բեմական բուռն գործունեություն է ծավալել: Ունեցել է 150-ից ավելի դերակատարումներ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել միջազգային մրցանակների: Երեւանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգեւների ու շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ»:

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Հունիսի 7-8-ին Բարսելոնայում կանցկացվի Barcelona Motordays ավանդական փառատոնը: Միջոցառման համար հատկացվել է 45.000 քմ տարածք: Porsche, Mercedes-Benz, BMW, Ferrari, Lamborghini, Aston Martin, Audi, Maseratti՝ ահա ընկերությունների մի մասը, որոնք փառատոնի ընթացքում կներկայացնեն իրենց արտադրանքը: Կցուցադրվեն նաեւ նոր մոդելներ: Նշենք, որ այս տարի փառատոնը կանցկացվի արդեն 7-րդ անգամ: Նախորդը, որն անցկացվել է Սան Սեբաստիան լողափին, 2 օրվա ընթացքում հյուրընկալել է մոտ 90.000 հոգու։




Լրահոս