ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱԿԵՏԸ ԿՇՐՋԱՆՑՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե բանը հասնի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանազատմանը, ապա «մենք կարողանալու ենք շրջանցել: Սահմանին ո՞վ մեզ պետք է ստուգի, կարո՞ղ է արտերկրից մեկը գա մեզ ստուգի, չեմ կարծում, որ դա իրատեսական բան է»,- կարծում է ՀՀԿ-ական պատգամավորը:

-Պարոն Կարապետյան, Սերժ Սարգսյանը օրերս Ծաղկաձորում հայտարարեց, որ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու է առանց Արցախի: Ինչպե՞ս եք գնահատում նման որոշումը:
-Ես ասեմ մի բան. Արցախը Սյունիքի մարզի հետ ցանկացած հարցում միասնական է, ու ես տեղյակ եմ իրավիճակին: Պատերազմի ժամանակ ռմբակոծությունները, կրակոցները, որոնք հնչել են Ստեփանակերտում, նույնը եղել է նաեւ Սյունիքի մարզում, որն ամբողջությամբ մասնակցել է պատերազմական գործողություններին: Այսօր տնտեսական հարցերով Հայաստանը կապված է Մաքսային միության եւ ԵՏՄ-ի հետ, իսկ դրանից պարզ է, որ եթե Հայաստանը ԵՏՄ-ի կամ ՄՄ-ի անդամ դառնա, Արցախի անունն այնտեղ չի կարող նշվել, քանի որ ԼՂՀ-ն առանձին ինքնուրույնություն ունի, իսկ ՀՀ-ն առանձին է մասնակցում: Բայց մինչ օրս էլ ցանկացած պայմանագիր լինի եվրոպական, թե ԱՊՀ երկրների հետ… մի խոսքով, ոչ մի բան չի խանգարում մեր հետագա աշխատանքին Արցախի հետ: Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով` ամեն ինչ շարունակվելու է Արցախի հետ:
-Բայց մինչ այդ ՀՀ իշխանությունների` ընդհուպ Աժ նախագահի եւ վարչապետի կողմից, հայտարարություններ էին արվում, որ Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ միասնական տարածք են, եւ այլ ձեւակերպում չի կարող լինել: Ու մեկ էլ` Նազարբաեւի հայտնի հայտարարությունից հետո, Սերժ Սարգսյանն ասում է` իսկ ով է ասել, որ մենք Ղարաբաղով ենք գնում Մաքսային միություն: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այժմ նման անակնկալ հայտարարություն հնչեց:
-Բայց ինչի համար էր անակնկալ, երբ որ ՀՀ-ի հետ է լինելու այդ անդամակցությունը: Երբեւէ եղե՞լ է մի հայտարարություն, որ մենք ու ԼՂՀ-ն մի պետություն ենք, մենք մի պետություն չենք, ճի՞շտ է: Գալուստ Սահակյանն այդպես չի ասել, այլ ասել է, որ մեր հետագա գործունեությունը՝ կապված ցանկացած պետության հետ, նույն կարգավիճակը պաշտպանվելու է Հայաստան-Արցախ ձեւաչափով: Այդ կարգավիճակին ոչ մի բան չի խանգարելու, առավելեւս ես կասեմ, որ մենք ԵՏՄ անդամ դառնալով ավելի ենք ուժեղացնելու Արցախի կարգավիճակը:
-Ինչո՞վ է ուժեղացվելու, երբ հաջորդ քայլը կարող է լինել այն, որ մաքսակետ դրվի ու հստակ սահմանազատում լինի, Դուք դա՞ էլ եք համարում Արցախի եւ Հայաստանի համար առավել հարմար տարբերակ:
-Այսօր էլ սահման կա, կարո՞ղ է գիտեք, թե սահման չկա: Այսօր էլ Ղարաբաղն իր սահմանն ունի, եթե չեք առնչվել՝ ես հասարակ մի բան ասեմ: Մեր ազատագրված տարածքները, մնացած տարածքները… եթե որեւէ ՀՀ քաղաքացի այնտեղ որեւէ գործունեություն ծավալի պետք է դիմի ԼՂ հանրապետությանը: Ասենք՝ ցանքատարածքներ կան, որոնք այժմ մշակում են` ազատագրված տարածքներում… այդ ազատագրված տարածքներում, երբ որ հայաստանցին ուզում է մի գործ անի ու դա լինի օրինական, ապա ինքը դիմում է ԼՂՀ կառավարությանը, որ թույլտվություն տան գործունեություն ծավալելու։ Դրանից հետո նոր պաշտոնական փաստաթղթեր են ձեւակերպում: Այսինքն՝ իմ ասածն այն է, որ մշտապես էլ այդ ամենը եղել է առանձին գործունեություն: Սահմանը կա, նույն սահմանն էլ լինելու է: Ես հասկանում եմ՝ ասում են, որ հնարավոր է ԵՏՄ-ն այնքան հետեւողական լինի, որ ինչ-որ խնդիրների դեպքում խոչընդոտ լինի… բայց չի կարող: Մենք նույն տարադրամն ունենք, նույն կարգով աշխատում ենք, նույն ավանդույթներն են, նույն փոխհարաբերություններն են, բոլոր խնդիրները, որ այսօր գոյություն ունեն վաղը լուծում են գտնելու: Վաղը եթե ձեր ասած սահմանազատումը եղավ եւ այլն, մենք կարողանալու ենք շրջանցել… սահմանին ո՞վ մեզ պետք է ստուգի, կարո՞ղ է արտերկրից մեկը գա մեզ ստուգի, չեմ կարծում, որ դա իրատեսական բան է: Ուղղակի դրանք անիմաստ տեղեկություններ են, որոնք չգիտեմ որտեղից են եւ ում է պետք դրանք տարածել:
-ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե այժմ Հայաստանը հայտարարում է, թե անդամակցելու է ՄՄ-ին` առանց Արցախի, դա նշանակում է, որ Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելը սուտ էր, փուչիկ: Համամի՞տ եք:
-Ես ցավում եմ, որ նման հայտարարություններ են անում: Ցավում եմ, որ ասում են, թե մի օր Հայաստանը կարող է հրաժարվել Ղարաբաղից, դա ընդհանրապես բացառվում է, երեւի չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Հայաստանը ցանկացած հարցում երաշխիք է ԼՂՀ-ին, մենք պատերազմ ենք տեսել, մենք պայքարել ենք տարիներով: Պատերազմը հենց երաշխավորն էր այդ ամենի, մենք դա ապացուցել ենք: Պատերազմից հետո մենք ամեն տարի տարբեր ձեւերով օգնում ենք Արցախին, իսկ դա կարծում եմ՝ բավարար է: Այս ամենն ապացույցն է այն բանի, որ Հայաստանը անվտանգության առումով Արցախի երաշխիքն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս