ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԺԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՉԵՂԱԾ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ

Թեեւ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության եւ «Երեւանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց հայցը: Սակայն գործարարը համառորեն բողոքարկեց կայացված որոշումը եւ ՀՀ Վերաքննիչ քաղ.դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Աստղիկ Խառատյանը եւ Ամրահի Պետրոսյանը վճռեցին բավարարել գործարար Խաչատրյանի բողոքը եւ «Ժողովուրդ» օրաթերթից ու լրագրող Սոնա Գրիգորյանից «հօգուտ Խաչիկ Խաչատրյանի, բռնագանձել 10 հազար ՀՀ դրամ»:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ զզվելու աստիճան անիմաստ է դարձել ՀՀ-ում դատական ճանապարհով արդարություն որոնելը, դրա համար էլ այլեւս չենք բողոքարկում վճիռը: Հասկանալի է, որ դատարանները տուրք են տալիս օլիգարխիային՝ եւս մեկ անգամ խայտառակելով նախ՝ ՀՀ դատական համակարգը, իրենց, ապա՝ «ձվերի Խաչիկին»:
Հետեւաբար, կատարելով դատարանի պահանջը, «Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով հավաքել է 10 հազար դրամ, փաթեթավորել եւ սպասում է, որ գործարար Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչը գա, տանի դատարանի կողմից սահմանված «արժանապատվության գինը»՝ 10 հազար դրամը: Հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք մեր ներկայացուցչի հետ ուղարկել այն:

 

 

Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երեւանյան տոնավաճառների առեւտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առեւտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից: Երեկ տեղեկացանք, որ Երեւանի ոսկու շուկայում եւս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում սովորաբար իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում (այնտեղ ապահով է), առավոտյան այն նորից հետ են վերցնում: «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա: Գործող իշխանությունն իր էությունը չի փոխում. խնդիրը լուծելու փոխարեն այն բարձրացնողներին է լռեցնում:

 

 
Սեպտեմբերի 21-ին Դեր Էզ Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ ISIS-ի գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչության գործողությունների մասին ամենատարբեր վերլուծություններ են արվում, որոնք դեռ շարունակում են նորանոր հարցեր առաջացնել: Բանն այն է, որ մինչ օրս «Իսլամական պետության» ահաբեկիչները լուսանկարներ չեն հրապարակել, թե ինչ վիճակում է գտնվում հայկական եկեղեցին, ոչ էլ նրանց ստվերային «կնքահայր» Թուրքիան է արձագանքում տեղի ունեցածին: Ու երբ շարադրում ենք սեպտեմբերի 10-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությունը, հետաքրքիր նրբերանգներ են ի հայտ գալիս: Բանն այն է, որ երբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Հայաստան վերադառնալով սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով, Թուրքիան «գործի անցավ»:

 

 
Հայաստանի ներսում կարողանալով բավականին արդյունավետ կերպով ամրացնել իր դիրքերը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ընկալման եւ արտերկրյա շփումների մասով: Համենայնդեպս` վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր նրա օտարերկրյա այցերի աշխարհագրությունը դուրս չի եկել «հարազատ» ԵՏՄ-ից: Պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում վարչապետն այցելել է միայն Ռուսաստան եւ Բելառուս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հատկապես այն բանից հետո, երբ մամուլը գրեց, թե ԱՄՆ իշխանությունները չեն ցանկացել, որպեսզի ամենամյա «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը մասնակցի Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությունից դիվանագիտական կորպուսին հրահանգ է իջեցվել առավելագույն ջանքեր գործադրել` մոտ ժամանակներում Հովիկ Աբրահամյանի համար որեւէ ազդեցիկ երկրում տպավորիչ օրակարգով աշխատանքային այցելություն կազմակերպելու ուղղությամբ: Առայժմ, սակայն, դեսպանների ջանքերն անարդյունք են:

 

 
ԻՍԿ Ո՞Վ Է ԳՐՈՂԸ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը մի քանի կարեւոր ուղերձներ էր պարունակում, որոնցից ամենանշանակալին, թերեւս, վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով իր իսկ կողմից նախաձեռված հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները Թուրքիայի կողմից չվավերացնելու փաստին եւ ի սկզբանե առանց նախապայմանների հայտարարված այս գործընթացում Արցախի հարցը որպես պարտադիր պայման առաջադրելու` Թուրքիայի անթաքույց ուլտիմատումներին, Սերժ Սարգսյանը դիվանագիտական հնարքով, ըստ էության, թուրքերին տվեց հայ ժողովրդի պատասխանը. «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից»: Այս բավականին կոպիտ, սակայն միանգամայն տեղին, ու, թերեւս, ուշացած պատասխանով Սերժ Սարգսյանը նաեւ ի ցույց դրեց իր խաբվածության եւ հիասթափության աստիճանը` հավելելով. «Այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:
Այսպիսով` հոկտեմբերի 10-ի` արձանագրությունների ցյուրիխյան ստորագրման հինգերորդ տարելիցի նախօրեին (այն, որ դա տարելից է, եւ ոչ թե տարեդարձ, կարծես թե արդեն գիտակցում է նաեւ ինքը` Սերժ Սարգսյանը), փաստորեն, Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային` տալով նրան, կամ գուցե նաեւ` իրեն, վերջին շանսը: Թեեւ` գրեթե համոզված կարելի է ասել, որ դա որեւէ ազդեցություն չի ունենա, եւ հաջորդ քայլով ՀՀ նախագահն արդեն պարտավոր կլինի ոչ միայն հետ կանչել այդ արձանագրությունները ՀՀ Աժ-ից, այլեւ` հետ վերցնել պաշտոնական Երեւանի ստորագրությունն այդ արձանագրությունների տակից:
Նկատենք, որ սա Դաշնակցության` տարիներ ի վեր հնչեցրած պահանջն է ՀՀ իշխանություններից, եւ, թերեւս, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը արձանագրությունները հետ կանչելու հայտարարությունն անում է ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների վերջին ջերմացման ֆոնին:
Ամեն դեպքում` այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է «գրողի ծոցը»:

 




Լրահոս