ԱԳՆ-ի տուրիստական այցերը թանկ են նստում պետության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին շրջանում մի շարք այցելություններ է կատարել տարբեր երկրներ, սակայն, ինչպես հայտնի է, դրանք ոչ մի էական առաջընթաց չեն գրանցել մեր երկրի արտաքին քաղաքականությունում: Armlur.am-ը պարզել է, որ օրինակ` Անկարա կատարած այցից մեր հանրապետությունը ոչ միայն չի օգտվել, այլեւ՝ տուժել է:

Բավարար չէ, որ Նալբանդյանի օգոստոսի 27-ից 30-ը Մոսկվա եւ Անկարա կատարած այցի համար պետբյուջեից ծախսվել է 3 մլն 667 հազար դրամ, համարյա 1 մլն դրամ էլ ծախսվել է ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար Հովհաննես Վիրաբյանի ուղեւորության համար:

Սակայն, այսքանով դեռ չի ավարտվել արտգործնախարարի Թուրքիայի նորանշանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության մասնակցելու նպատակով կատարված այցը: Armlur.am-ը պարզեց, որ մեր «կարմրաթուշ» նախարարին ուղեկցող պատվիրակություն էլ է եղել, որի ուղեւորության համար պետբյուջեից ծախսվել է 1 մլն 794 հազար 622 դրամ:

Ի դեպ, այս պատվիրակության կազմում են եղել նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ով հայտնի է տեղեկությունները մշտապես հերքելու իր սովորույթով եւ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Արսեն Ավագյանը: Իսկ այս թվերը հաշվելն ու այն վերջնական տեսքին բերելը թողնում ենք մեր ընթերցողներին:




Լրահոս