Զ. Փոստանջյանն ընթերցեց Ս. Սարգսյանի «դատավճիռը». նրա խոսափողը կրկին անջատեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելու մասով իր օրենքի նախագծին, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից շրջանառության մեջ չի դրվել: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՄԻՊ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասով Գալուստ Սահակյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նա անդրադարձավ նաև նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի, ապա նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը:

Նա Սերժ Սարգսյանին ներկայացրեց որպես հանցագործ`ասելով, թե հայ ժողովուրդը արդեն կայացրել է Սերժ Սարգսյանի հանդեպ դատավճիռ, և սկսեց կարդալ այդ դատավճիռը: Սակայն  Փոստանջյանի ելույթի կեսից նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խնդրելով չանցնել կոռեկտության սահմանը և անջատեց նրա խոսափողը: Սակայն Փոստանջյանը շարունակեց իր ելույթը՝ ուշադրություն չդարձնելով, որ իր ձայնը լսելի չէ: «Դե լավ էլի, լրջություն է պետք էլի»,-ընդգծեց Շարմազանովը:

Փոստանջյանի ելույթը բարկացրեց ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանին, ով տեղից բարձրաձայն բղավեց, ինչին հետևեց Շարմազանովի հայտարարությունը. «Պարոն Գեղամյան, ձեր նյարդերը հանգիստ պահեք, հանգստացեք: Տիկին Փոստանջյան, ձայնի իրավունքից զրկվել եք դուք, չի կարելի, հարգեք ձեր ներկայացրածը, ձեզ ոչ ոք չի լսում»:

Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Զարուհի Փոստանջյանի կեցվածքը կարգազանցության վառ օրինակ է, ապա հավելեց. «45 հոդվածը կկիրառեմ, չնայած՝ անբուժելի է: Հանգստացեք»




Լրահոս