ԵՊՀ-ում քննարկվեցին ուսանողական ինքնակառավարման հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-25-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների միջազգային համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 50 մասնակիցներ տարբեր երկրներից:

Ուսանողական կազմակերպությունների համագործակցության զարգացումը խթանելու նպատակով ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպված համաժողովի բացման արարողությանը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Համաժողովը կրում էր «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագիրը: Այն անցկացվեց ԵՊՀ 95 և Ուսանողական խորհրդի 20-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Մասնակիցները Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Հայաստանի և Արցախի ուսանողական և երիտասարդական կազմակերպություններից էին:

Ինչպես նշեցին համաժողովի կազմակերպիչները, հիմնական նպատակն էր աջակցել ուսանողական ինքնակառավարման և երիտասարդական կազմակերպությունների ոլորտի զարգացմանը, քննարկել նրանց զարգացման հիմնական միտումները հետխորհրդային տարբեր երկրներում, ստեղծել հարթակ փորձի ու տեսակետների փոխանակման համար:

Ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 23-ին մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում, որտեղ հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր պատմությամբ և անցյալով: Նա կարևորեց երիտասարդների դերը աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացների շարունակականության հարցում: Այնուհետև համաժողովի մասնակիցները հանդես եկան հարցադրումներով:

Այնուհետև` հոկտեմբերի 24-ին, ուսանողական կառույցների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Ես ինքս ժամանակին ՈՒԽ նախագահ եմ եղել և շատ լավ եմ պատկերացնում, թե ուսանողական կառույցների ակտիվությունը ինչ դեր կարող է խաղալ ուսումնական գործընթացում, և ինչ նշանակություն ունի միջազգային համագործակցությունը: Ուստի ողջունում եմ ձեր ակտիվությունն ու նպատակասլացությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը և հավելեց, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում մեծ է ուսանողների դերը:

Անդրադառնալով բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրներին՝ նախարարը նշեց, որ ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում հիմնական գործատուները մասնավոր կազմակերպություններն են, ուստի ուսանողի պրակտիկայի հետ կապված խնդիրները հնարավոր է լուծել միայն մասնավոր սեկտորի հետ համագործակցության միջոցով:

«Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովն իր աշխատանքներն ավարտեց հոկտեմբերի 26-ին:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ժամանակ մասնակիցները նշում էին, որ ուսանողական ինքնակառավարման կազմակերպումը տարբեր երկրներում բախվում է բազմաթիվ խնդիրների: Կան ընդհանուր հարցեր ևս: Օրինակ՝ նվազում է ուսանողների մասնակցության մոտիվացիան, ինչը պայմանավորված է բազմաթիվ այլ հնարավորությունների և սոցիալական խնդիրների առկայությամբ: Օտարերկրյա մասնակիցները նշում էին նաև, որ Հայաստանում ուսանողական կազմակերպությունների համակարգն ունի մի շարք ձեռբերումներ, որոնք բացակայում են հետխորհրդային այլ երկրներում: Կարևորվեց նաև երիտասարդական կազմակերպությունների կողմից կիրառվող նորարարական մեթոդների օգտագործումը ուսանողական կազմակերպությունների աշխատանքներում:




Լրահոս