Գավառամտություն և կեղծ պահպանողականություն. հայտնիները` Քարդաշյանի դեմ ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ոչ միանշանակ ընդունվեց հայ հանրության կողմից, ոմանք նույնիսկ դիմեցին ծայրահեղ քայլերի: Արդեն հայտնի է, որ «Հայաստանի սոցիալիստական շարժումը» եւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը շաբաթ օրը նախաձեռնում են պիկետ Կառավարության շենքի դիմաց: Մասնակիցները նախատեսում են նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «պոռնոսաստղին պետական մակարդակով ընդունելու եւ մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար»:

Տարածված հայտարարության մեջ նշվում է. «Քիմ Քարդաշյանն իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարը, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին, միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա: Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով, այնուհետեւ պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե, բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդն աշխարհով մեկ տարածելու համար, բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգնեք այն` պոռնոաստղին Հայաստանում գովազդելով»:

Այս նախաձեռնությունը մի շարք քաղաքացիների կողմից ընկալվեց որպես կեղծ պահպանողականության եւ շինծու հայրենասիրության դրսեւորում: Երգիչ Գուրգեն Դաբաղյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մոտեցումը համարեց ոչ ռեալ եւ ոչ սթափ: «Ինչ եղել, եղել է, Քիմն արդեն այստեղ է, եւ այդ ակցիայով ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ հետո, եթե ուզում են ինչ-որ բան անել միայն աչքի ընկնելու համար, դա անիմաստ է: Երբ մարդիկ ուզում են մեր ազգային արժեքները պահպանել՝ իրենք իրենց մեջ պարփակվելով, ես դա համարում եմ գավառամտություն: Այդ մարդիկ այն կարծիքին են, որ բոլոր մշակույթները վատն են, պետք է ընդունել միայն մերը, այնինչ դրանով գնում են ինքնաոչնչացման»,-կարծիք հայտնեց նա:

Երգիչ, գործիքավորող Գուժն էլ (Գուժ Դուրգարյան) ակցիա անցկացնել ցանկացողների մտածելակերպը համարում է ծիծաղելի. «Քիմ Քարդաշյանը հայ կնոջ կերպարը չի ոտնահարել, քանի որ նա առաջին հերթին ամերիկացի է` իր կենցաղով, մենթալիտետով, ըստ որի՝ աստղի գործողություններն այնքան էլ անվայելուչ չեն: Քարդաշյանին պետք է դիտարկել որպես ամերիկյան աստղ: Գաղտնիք չէ, որ պոռնովիդեոներում հայտնվել են նաեւ Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը, Ջեսիկա Սիմփսոնը, Բրիթնի Սփիրսը, բայց նրանցից եւ ոչ մեկի հայրենիքում իրենց չեն քարկոծել»-եզրափակեց Գուժը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս