ՄԵՆԱՀԱՄԵՐԳ, ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԹՈՂ ՀՈՎԱՆԱՎՈՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, երբեւէ փոշմանե՞լ եք, որ մուտք եք գործել քաղաքական դաշտ, ինչի հետեւանքով երգարվեստը որոշ առումով տուժել է:
-Չեմ կարծում, թե զղջացել եմ դրա համար, քանի որ այսօր մեր ժանրի երգարվեստում մեծ հաշվով որեւէ անսպասելի, շոկային, շատ լավ բան չի կատարվում Երեւանում, եւ եթե ես չլինեի քաղաքականության մեջ, չեմ կարծում, թե կերգեի ռեստորաններում կամ ակումբներում, ինչպես դա անում են իմ գործընկերներից շատերը երբեմն ստիպված: Ես կարծում եմ, որ մեր ժանրի ներկայացուցիչների շրջանում կան դեմքեր, որոնք իսկապես կարող էին ներկայացնել ժամանակակից երաժշտությունը, սակայն ցավում եմ, որ այն մեծ բեմերը, համերգները, որոնք ժամանակին կազմակերպվում էին, հիմա չկան:
-Գուցե ինքնե՞րդ նպաստեք, որ այդ համերգները կազմակերպվեն:
-Եթե արժեքները վերաարժեւորվեն, բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստը գնահատվի ըստ արժանվույն, այդ դեպքում կարելի է մտածել համերգի մասին: Բայց երբ այսօր այն երաժշտությունը, որը գերիշխող է շուկայում, ներկայացվում է որպես հայ մշակույթ, գնահատվում է շատ բարձր եւ վճարվում է տասնյակ անգամ ավելի բարձր, քան պրոֆեսիոնալ երաժշտությունը, մենք այդ մասին խոսել դեռեւս չենք կարող:
-Իսկ հնարավո՞ր է, որ վերադառնաք երգարվեստ, ակտիվ գործունեություն ծավալեք այդ ոլորտում:
-Ես չեմ հեռացել երգարվեստից. օրինակ` փետրվարին Ավստրալիայում մեծ համերգ ունեցա, մեկ շաբաթ հետո համերգը կրկնվեց, ինձ շարունակում են հրավիրել բոլոր բարեգործական համերգներին, Արցախում, Ստեփանակերտում համերգներ են եղել, առաջիկայում եւս մեկը սպասվում է Մարտունիում:
-Բայց տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չեք նկարահանել, Ձեր երկրպագուները նաեւ երեւանյան մենահամերգ են ակնկալում…
-Դրա համար պետք են մեկենասներ, որոնք պետք է հովանավորեն դա, ես դրա հնարավորությունը չունեմ, որովհետեւ, ճիշտն ասած, իմ աշխատանքն ամբողջությամբ ուղղված է միայն սահմանամերձ գյուղերի կյանքը հնարավորինս բարելավելուն եւ բանակի կողքին եմ կանգնած… Եթե այդքան ուզում են, թող հովանավորեն, սիրով, ես միշտ պատրաստ եմ…
-Երբ Դուք նոր էիք դարձել ԱԺ պատգամավոր, նշում էիք, որ Ձեր հիմնական նպատակը մշակույթի ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխելն է: Մինչ օրս ի՞նչ եք արել մշակույթի ոլորտի համար որպես պատգամավոր:
-Օրինակ` նկարիչները մի ցավոտ խնդրի առջեւ էին կանգնած. նրանց արվեստանոցները սուպերմարկետներին եւ կազինոներին հավասար հարկվում էին, ես բարձրացրեցի այդ հարցը, իսկ արդյունքը գոհացուցիչ էր. նկարիչներն այս տարի այդ խնդրից ազատվեցին…Էլի շատ հարցեր են եղել…Նպաստել եմ, օրինակ, սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքն ակտիվացնելուն: Բարձրաձայնելով սահմանամերձ շրջանների խնդիրների մասին` ես հավաքեցի թիմ, շատերը հովանավորեցին…Տեսեք` ես իմ ձայնասկավառակի, տեսահոլովակի համար երբեւէ մեկին չեմ դիմի, բայց այս հարցով առանց աչքս թարթելու կդիմեմ: Այնքան հարմար է ամեն հանդիպմանն ասել` օ՜, դուք իմ ամենասիրելի երգչուհին եք, լավ կենացներ են խմում, բայց եթե իսկապես հետեւում են իմ արվեստին, պետք է զգային, որ վերջին տասը տարում մի անհատական տեսահոլովակ չեմ թողարկել:
-Այսինքն` Դուք տեսահոլովակ նկարահանելու համար ֆինանսական խնդիր ունե՞ք:
-Ո՛չ, ես նման բան չասացի, ես նման խնդիր չունեմ, ես չեմ մտածում դրա մասին, պարզապես եթե նույնիսկ այդ գումարն ունենամ, դրա վրա ինքս չեմ ծախսի:
-Ձեր լսարանի մի ստվար զանգված ԱԺ մուտք գործելու Ձեր որոշումը համարեց ճակատագրական սխալ` պնդելով, որ արվեստագետը երբեք չպետք է թաթախվի քաղաքականության մեջ. ի՞նչ կասեք:
-Իսկապես, հետաքրքիր բան է, երբ Ֆրենկ Սինատրան, Իոսիֆ Կոբզոնը, Ալլա Պուգաչովան, Սոս Սարգսյանը, Ջուլիետ Կաժոյանը եւ էլի շատերը պատգամավոր էին, ոչ ոք նման խնդրի մասին չբարձրաձայնեց…Ի՞նչ կատարվեց հանկարծ, ի՞նչ մի անհեթեթ աղմուկ, աժիոտաժ բարձրացավ, ինչ-որ արտասովոր բան է եղե՞լ: Իսկ ո՞վ պետք է որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ ներկայանա: Ես նկարչուհի եմ, երգել եմ բեմում, մեծացել եմ թատրոնում, գիտեմ ոլորտը, մի՞թե վատ է, որ ես ներկայանամ այնտեղ:
-Թերեւս Ձեր դեպքում հանրությունը վրդովվեց, խնդիր համարեց այն, որ Դուք ներկայացաք Հանրապետական կուսակցության անունից:
-Դե, դա իրենց համար է խնդիր, ինձ համար խնդիր չէ, քանի որ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ պատգամավորներ, ե՛ւ լավ, ե՛ւ վատ կուսակցականներ, այնպես որ, դա այնքան հավակնոտ, մակերեսային, սահամանափակ բողոք է…Բողոքել բողոքելու համա՞ր, թե՞ իրենք իրենց էին պատկերացնում իմ տեղում. դա էլ կա: Ամեն դեպքում, ես նման դժգոհություններ լսել եմ նախկին պատգամավորներից, որոնք իմ ընտրվելուց առաջ պատգամավորներ են եղել, երկուսն էլ ոչ այն կուսակցությունից, որը ներկայացնում եմ ես: Հուսամ, որ ես լավ հանրապետական եմ, կարող եմ շատերի համար օրինակ ծառայել: Բայց, նախ եւ առաջ, ես հայ եմ եւ կարծում եմ` վատ հայ չեմ. թող դրանից խոսեն…

 

 

 

 

ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԳՐԱՖԻՏԻՆԵՐԸ` ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում հանգրվանել են հայ հայտնիների` Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Պարույր Սեւակի, Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի դիմանկարները (Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Վերնիսաժին հարող տարածքում, Վարդանանց 14 հասցեում):

Street art կոչվող արվեստի այս տեսակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի նախասիրություններից մեկն է: Պատերին հայ հայտնիների դիմանկարները նկարելու գաղափարն էլ հենց իրենն է: Այս նախաձեռնությունը շատերի կողմից արժանացավ հավանության, սակայն գտնվեցին նաեւ անձինք, որոնք նկարները համարեցին անճաշակ:
Քանդակագործ Սահակ Պողոսյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «սթրիթ արթի» մի տեսակ է ձեւավորվում Հայաստանում` ի սկզբանե արդեն հիմնված ամենասարսափելի կոնյուկտուրայի վրա… Նկարվում են հայ մտավորականության հայտնի կերպարների դիմանկարներ, ըստ որում, սարսափելի վատ… Իբր հայրենասիրության ու չգիտեմ ինչի խորհրդանիշ` առանց մտածելու, որ կեղտոտվում է հանրային տարածք, ու ամենավատն այն է, որ դա խրախուսողներ կան: Մնում է ասել` եթե այդքան շատ եք սիրում դա, տրամադրեք ձեր հյուրասենյակի պատերն ու ամեն օր վայելեք այդ այլանդակությունը: Մեզ ինչո՞ւ եք դա պարտադրում»:
Գրաֆիտիների հեղինակ Ռոբերտ Նիկողոսյանն էլ, ով գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ իր նպատակը հայ մեծերին վերհիշել տալն է. «Սիրում եմ դիմանկարներ անել, իսկ գրաֆիտին դրա միջոցներից մեկն է: Քննադատողներ երեւի թե կլինեն, սակայն հանրության մեծամասնությունը դրական է գնահատել իմ այս նախաձեռնությունը: Ես ոչ ոքի չեմ պարտադրում արվեստի այս տեսակը, հետեւեք եւ կտեսնեք, որ մարդիկ դրականորեն են արձագանքում դրան: Սա նոր երեւույթ է Հայաստանում, եւ բնական է, որ կլինեն նաեւ քննադատողներ»,- կարծիք հայտնեց նկարիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր եւ որդի արվեստագետներ, լուսանկարիչ Անթուն Խան Սեւրուգինի եւ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սեւրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ նվիրատվությունն իրականացվել է Սեւրուգյանների ժառանգորդ Էմմանուել Սեւրուգյանի կողմից: Մեկ տարի առաջ` 2014թ. սեպտեմբերին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 90-ամյա Էմմանուել Սեւրուգյանի հետ, ըստ որի՝ Էմմանուել Սեւրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր եւ մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների եւ լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավել մեծարժեք նմուշներ:

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
«Վիտամինցի» Արմուշի համար հուլիսի 23-ը բարի լուրով է սկսվել. լուսաբացին ծնվել է դերասան-հումորիստի երկրորդ որդին, որին անվանակոչել է Էդուարդ` ի պատիվ հորեղբոր տղայի: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, թե ցանկանում է, որ տղան վերջինիս նման խելացի եւ պարկեշտ մարդ լինի:
«Երեխաս կյանքիս նոր շունչ է հաղորդել: Եվս մեկ մարդու համար պետք է ապրենք»,-ասել է Արմուշը:
Էդուարդի ծնունդն անչափ ուրախացրել է Դանիելին` հումորիստի առաջնեկին. «Ամիսներ առաջ արդեն որոշել է, թե ինչեր է սովորեցնելու փոքր եղբորը»,-նշել է Արմուշը:

 

ՉՈՐՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈ՞ՒՆ
53-ամյա Թոմ Կրուզը պատրաստ է ամուսնանալ չորրորդ անգամ: Ասում են՝ դերասանն ուր որ է ամուսնության առաջարկ կանի իր ներկայիս սիրեցյալ, 22-ամյա բրիտանուհի Էմիլի Թոմասին, որն իր օգնականն է:«Թոմն անմոռաց սիրահարվել է, ու Էմիլին էլ նույն կերպ սիրահարված է նրան: Թոմի շրջապատում շշուկներ են տարածվում, որ շուտով նա Էմիլիին առաջարկություն կանի»,- հայտնում է դերասանին մոտիկ աղբյուրը: Սիրավեպի մասին սկսել են խոսել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանը բաժանվում է: Մինչ Քեթի Հոմսը, նա ամուսնացել էր Միմի Ռոջերսի, իսկ հետո` Նիկոլ Քիդմանի հետ:




Լրահոս