Պետք լինի` կկիրառենք նաև ավելի ծանր հրետանային միջոցներ.ՊԲ հրամանատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի խորհրդարանում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը սահմանին և պատժիչ գործողություններ իրականացնում։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

«Վերջին ժամանակներս որոշակի լարվածություն կա, և մենք աշխատում ենք այդ լարվածությունը չեզոքացնել համապատասխան, համարժեք գործողություններով, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Վերջին մի քանի օրվա ընթացքում համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները մոտավորապես 4–5 անգամ ավել են և սրանք լոկ խոսքեր չեն։ Բացի սկզբում հայտարարված 1 զոհ և 3 վիրավորը, այնուհետև իրենց ՊՆ-ի հայտարարած 3 զոհը և հետո մեր հրապարակած 6 կորուստը, Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի ևս 11–12 կորուստ։ Մենք ունենք նաև լրացուցիչ հետախուզական տվյալներ, որ այդ թվերը դեռևս ամբողջական չեն։ Դեռևս հայտարարվածից ոչ պակաս կորուստ ունեն, մենք աշխատում ենք և շուտով լրիվ ազգանուններով կհրապարակենք», — մասնավորեցրել է Լյովա Մնացականյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ վիրավորներին՝ ՊԲ հրամանատարը հայտարարել է նաև, որ վերջին գործողություններից հետո այսօր Ադրբեջանի զինհոսպիտալներում կա 60–80 վիրավոր զինծառայող, որոնց մասին տեղեկություններն ադրբեջանական կողմը թաքցնում է։

Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը հավաստիացրել է նաև, որ շարունակվում են պատժիչ գործողությունները.

«Շարունակվում են մեր կողմից համապատասխան գործողությունները, հակառակորդի իրականացրած ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, դա մենք ապացուցեցինք վերջին օրերին, հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ եթե մեզ վրա կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու և, հետևաբար, մենք ևս կրակելու ենք հեռահար միջոցներով։ Իրենք կիրառել են Դ-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք։ Դա մենք չենք թաքցնում»։




Լրահոս