ՍՏԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում ստախոսությունը եւ առանց իրենց հաշիվ տալու հայտարարություններ անելը դարձել է գործելաոճ: Այս երեւույթը Հայաստանի քաղաքական դաշտում արմատավորվեց եւ համընդհանուր երեւույթ դարձավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո:

Այսօր շատերը կհիշեն, թե ինչպես էին ԵԿՄ-ականները 2000 թվականի մարտին Մանվել Գրիգորյանի եւ այն ժամանակ ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանից պահանջում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ ԱԱԽՔ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Սակայն հայտարարության հեղինակները մի քանի օր անց մոռացան իրենց պահանջի մասին եւ դրանից ընդամենը երկու ամիս անց անտարբեր հետեւում էին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հաշվեհարդար տեսնում իրենց Սպարապետի եղբոր` Արամ Սարգսյանի հետ, որը հոկտեմբերի 27-ից հետո զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, եւ այդ պաշտոնից հեռացվեց 2000 թվականի մայիսի 1-ին: Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանը դարձավ ՀՀ վարչապետ, իսկ ԵԿՄ-ականները տարբեր պաշտոններ եւ արտոնություններ ստացան:
Ռոբերտ Քոչարյանի ողջ իշխանությունն անցել է ստի եւ կեղծիքի միջով, բավական է նշել, որ նա՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող, ամեն անգամ ստիպված էր ժողովրդավարության, իրավական պետության պաշտպանի դիրքերից հանդես գալ, իսկ գործնականում նրա գործունեության ողջ իմաստը հերթական միլիոնը կուտակելն էր, եւ նա պատրաստ էր հաշվեհարդար տեսնել, ընդհուպ ֆիզիկապես ոչնչացնել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեին իր ճանապարհին կանգնել: Այսինքն՝ հրապարակային դաշտում նա երկրի ղեկավար էր, իսկ իրականում մաֆիայի պարագլխի համբավ ուներ, եւ սա Հայաստանում գիտակցում էին բոլորը` պետական ծառայողից սկսած մինչեւ դաշտում հունձ անող գյուղացին:
Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած իշխանական համակարգը նույնպես նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ավելին՝ այս մարդիկ այլեւս վատ չեն զգում, որ այսօր հրապարակային ելույթում կամ լրագրողների ներկայությամբ ամենայն պատասխանատվությամբ հայտարարություններ են անում, իսկ հաջորդ օրը հակառակ գործողությունը կատարում: Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած իշխանության ստախոսության գագաթնակետը կարելի է համարել երկու իրադարձություն՝ մեկը գազի թանկացումը բացառելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն էր, որը հնչել էր 2013-ի մարտի 18-ին հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ, դրանից ընդամենը երեք ամիս անց գազը թանկացավ: Իսկ կեղծարարության մյուս, այսպես ասած, աշխարհացունց դեպքին մենք ականատես եղանք այս տարվա փետրվարի 12-ի հայտնի իրադարձությունների ժամանակ: Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «խաչակրաց արշավանք» ծավալեց, որին միացավ ողջ իշխանական համակարգը: Ծառուկյանին ինչում ասես չմեղադրեցին, իսկ երբ նա «կապիտուլացիա» կնքեց, դրանից հետո կրկին դարձավ իշխանությունների սիրելին: Նման պայմաններում մնում է միայն պատկերացնել, թե Հայաստանի բնակիչը ինչ նողկանքով պետք է վերաբերվի տվյալ պաշտոնյաներին եւ իրեն ինչ-որ պահի ազգի առաջնորդ երեւակայած անձին ու նրա թիմակիցներին:
Սակայն իշխանությունների պահվածքը ինչ-որ տեղ հասկանալի է, նրանք այդպես են վարվում՝ իրենց իշխանությունը պահելու համար, բոլորի համար վաղուց փաստ է, որ վերջին 15 տարիներին Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգը մեր պետության համար դարձել է չարիք, եւ դրա գոյության պայմաններում երկիրը անընդհատ կորցնելու է՝ անկախ նրանից, թե համակարգի գլխին ով է կանգնած` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Պողոսը:
Ամենատարօրինակն այն է, որ վերջին 15 տարիների ընդդիմությունները եւս իրենց գործունեությամբ եւ որակական հատկանիշներով իշխանություններից չեն տարբերվել: Ըմդդիմությունը մշտապես խոստացել է Հայաստանը փրկել այն չարիքից, որը կոչվում է իշխանական համակարգ, դրան տարբեր անուններ է տրվել՝ «ղարաբաղյան կլան», «քրեաօլիգարխիկ համակարգ» եւ այսպես շարունակ: Ընդդիմադիր գործիչների կեղծավորություններին անվանական անդրադառնալուց ձեռնպահ ենք մնում: Բայց եթե մի պահ մտովի վերհիշեք նրանց ու իրենց ելույթները, ապա կհամոզվեք, որ նրանք իրենց կեղծավորությամբ որեւէ կերպ չեն տարբերվում իշխանություններից: Այսինքն՝ ընդդիմությունը եւս Հայաստանի բնակչությանը մշտապես վերաբերվել է որպես գործիքի եւ երբեք իրեն հաշիվ չի տվել, որ իր այս կամ այն հայտարարության համար վաղն ինքը մարդկանց պետք է հաշիվ տա: Նույն ընդդիմադիր գործիչները երբեք վատ չեն զգացել իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի հասցեին ամենավերջին վիրավորական որակումները տալուց եւ հետո նրանց հետ «աշխատելուց»: Նրանց թվացել է, որ կարեւորն այն է, որ իրենք իշխանությունների հասցեին ամենավերջին հայհոյանքը տալով՝ իբրեւ արմատական ընդդիմություն ներկայանան՝ առանց հաշվի առնելու, թե այդ ամենը հետագայում մարդիկ ինչպես կգնահատեն, երբ հեռուստացույցով տեսնեն, թե ինչպես են իրենք այդ նույն չարիքների հետ «աշխատում»: Իսկ երբ ՀՀ քաղաքացիներն այդ նույն, իբր թե ընդդիմադիրներից երես են թեքել, վերջիններս այդպես էլ չեն ընդունել, որ մարդիկ ընդամենը իրենց գործունեության գնահատականն են տալիս:
Այսինքն՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմադիր գործիչները, որոնք հավակնում են իշխանության գալ, սկսեն գործել հնարավորինս ազնիվ: Ժամանակն է, որ ընդդիմադիրները հրապարակային հայտարարություն անելուց իրենց հաշիվ տան, թե ինչ են ասում եւ արդյոք կարող են իրենց ասածներն իրագործել կամ ապացուցել, որպեսզի իրենց պահվածքով մեխանիկորեն չդառնան իշխանությունների կեղտերը «մաքրող»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

 
ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԿԳՎ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից նույն կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչություն է տեղափոխվել Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հրաչյա Ներսիսյանին, նրա հարազատներին եւ Իջեւանի երաժշտական դպրոցի շվիի նախկին դասատու Էդգար Ամիրյանին առնչվող քրեական գործերի քննությունը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի համաձայն՝ այդ գործերը միավորվել են մեկ վարույթում: Հրաչյա Ներսիսյանի կողմից յուրացման դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: 2015թ. հունիսի 9-ին դատարանի որոշումով Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»): Սույն հոդվածով 6 մեղադրվողներն են Հրաչյա Ներսիսյանը, վերջինիս որդին, Հ. Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանը, վերջինիս երկու որդիները եւ Էդգար Ամիրյանը: Հ. Ներսիսյանի եւ է. Ամիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»): Հավելենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում շարունակվում է Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը»)հոդվածներով հարուցված քրեական գործի քննությունը` կապված Իջեւանի շախմատի տան առաջին հարկի ապօրինի տնօրինման հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԽՈՊԱՆՉԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում հավանություն կտա Կոտայքի մարզի Զառ համայնքի ղեկավարի վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է Զառի՝ արդեն նախկին գյուղապետ Մուրադ Բաբախանյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով: Բանն այն է, որ Զառում այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, ինչի արդյունքում գործող գյուղապետ Մուրադ Բաբախանյանը 100 ձայնով պարտվել է, եւ նոր գյուղապետ է նշանակվել Լեւոն Խաչատրյանը: Եւ քանի որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին, այդ պատճառով Բաբախանյանի լիազորությունները պետք է դադարեցվեին 2016 թվականի հունվարի 30-ին, սակայն վերջինս «Ժողովուրդ»-ին ասաց, որ իմաստ չունի մինչեւ հունվարի 30-ը մնալ գյուղապետի պաշտոնում: «Մի քանի ամսվա համար անիմաստ է աշխատել: Այս պատճառով էլ որոշեցի վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները: Մեկ-երկու ամիս կհանգստանամ, ապա կորոշեմ, թե ինչ անել: Ութ տարի է, ինչ գյուղապետ եմ աշխատել, հավանաբար գյուղի բնակիչները ցանկանում էին նորություն լիներ գյուղում: Գուցե մեկնեմ արտագնա աշխատանքի, դեռ չգիտեմ, ժամանակը ցույց կտա»,- լրացրեց նախկին գյուղապետը:

 

3 ՏԱՐՈՎ ԿՀԵՏԱՁԳՎԻ
ՀՀ կառավարությունը մինչեւ 3 տարով կհետաձգի «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 20-ից մինչեւ 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Նշենք, որ «Տավուշ Տեքստիլ» ընկերությունը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի գյուղ Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրվող արտադրանքը ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի շրջանակներում բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 2.1 մլրդ դրամի չափով, որից մոտ 0.8 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.39 մլրդ դրամի արտադրանք, որը ամբողջությամբ կարտահանի ՌԴ եւ այլ երկրներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 450 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015 թվականին՝ 120, 2016-ին՝ 140 եւ 2017-ին՝ 142 հազար դրամ:

 

ԿԳՐԱՎԵՆ
Reuters-ի տեղեկացմամբ` քրդերը խոստացել են մի քանի շաբաթում գրավել «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքան: Քրդերի ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատների հրամանատար Սիփան Համոն գործակալությանն ասել է, որ այժմ բանակցություններ են տարվում ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիայի հետ, որպեսզի համաձայնեցվի օպերացիայի մեկնարկի ժամանակը:




Լրահոս