ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Վանաձորում էր` Արցախ պուրակում: Համեմատելով այս հավաքը Ր. Հովհաննիսյանի նախորդ հավաքների հետ՝ կարելի էր նկատել մի քանի փոփոխություններ:
Նախ` այս անգամ զգալի պակասել էր հավաքի մասնակիցների թիվը. նախորդ հավաքներին Արցախ պուրակը լեփ-լեցուն էր, իսկ երեկ հավաքի մասնակիցների թիվը նվազել էր մոտ 3 անգամ: Երկրորդ` նախորդ հավաքների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ: Օրինակ` մարտի 7-ին Վանաձորում անցկացված հավաքին ներկա էր Ռուբեն Հախվերդյանը, իսկ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էին միայն ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգության» առաջնորդը երեկ կրկին խոստացավ. «Ապրիլի 9-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան, նոր ապագա»: Իր ելույթում նա անդրադարձավ նաեւ Վանաձորի քաղաքապետին` նշելով. «Ժողովրդին անգիտակից անվանեց, ներողություն էլ չխնդրեց»: Զարուհի Փոստանջյանն էլ հայտնեց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանին հրավիրում են Ազատության հրապարակ: Իսկ ժողովուրդը բացականչում էր՝ «Րաֆֆի՛, նախագա՛հ»:
Ինչպես նախորդ հավաքներին, այնպես էլ այս անգամ ներկա էին ոստիկաններ, որոնք լուսանկարում էին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ժողովրդին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իրենց հրամայված է արդյոք նկարահանում անցկացնել, ոստիկաններից մեկը պատասխանեց. «Ո՛չ, հրամայված չէ»: Մնում է  ենթադրել միայն, թե ինչու էին ոստիկանները նկարահանում հավաքը` առանց համապատասխան հրամանի:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս