Ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ երեկվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էլեկտրականություն չի եղել: Անազատության մեջ գտնվողների հարազատներից մեկը ArmLur.am-ին հայտնեց, որ ՔԿՀ-ի ներսում ջեռուցման խնդիր է առաջացել. «Մենք մեր միջոցով էլեկտրական պլիտաներ ենք տարել հիմնարկ, որ գոնե դրանով տաքացնեն խուցը: Հիմա էլ լույս չկա, ո՞նց պիտի տաքանան: Աշխատողներն էլ չեն ասում՝ կոնկրետ երբ կլինի: Ասում են՝ սրա պատճառով խիստ հսկողություն է ներսում սահմանվել, երևի՝ վախենում են անհնազանդություն դրսևորեն դատապարտյալները»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը, ում անունը հարգելի պատճառներով չենք նշում:

Նրա փոխանցմամբ՝ իրեն հայտնի է դարձել, որ արդյունքում անգամ այն կալանավորները, որոնց գործերով դատական նիստեր էին նշանակված, այսօր դատարաններ չեն տարվել:

ArmLur.am-ը փորձեց լուրի իսկությունը պարզել ՔԿ վարչությունից: Հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, թե երեկ երեկոյան կարճ միացում է եղել էլեկտրական վահանակում, մի քանի ժամ անց էլեկտականությունը մասամբ վերականգնվել է, ցերեկն ամբողջովին է վերականգնվել: Այս պահին, ըստ Գ. Ղլեչյանի, ամեն ինչ նորմալ է:

Հուսով ենք՝ խնդիրն ամբողջությամբ լուծված է, քանի որ սեփական միջոցներով ջեռուցվող կալանավորների ու դատապարտյալների համար առկա խնդիրներն էլ հերիք են անազատության մեջ գտնվելով:




Լրահոս