Դատարանի նախագահի հայրը՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է յուրացումների գործով:

Եվ այսպես, դեռեւս 2015 թվականի մարտին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում յուրացումներ էին հայտնաբերվել: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին էր: Ավելի ուշ այս գործով կալանավորվեց կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ սյունեցիների, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, եւ հենց վերջինս էլ մեծ դեր է խաղացել նրա տնօրեն դառնալու գործում:

Ինչեւէ, 2015 թվականի սեպտեմբերի 22-ին գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ ինչպես պարզեցինք, բացի Դավիթ Համբարձումյանից՝ դատարանի առաջ են կանգնել եւս 4 անձ` Ռադիկ Օհանյանը, Սիրվարդ Մինասյան, Ժաննա Պողոսյանը, Էդգար Համբարձումյանը:
Պարզվում է, որ «դիվանբաշուն» հասած Ռադիկ Օհանյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրն է:

Իսկ ինչպե՞ս էր բացահայտվել այս գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ժաննա Պողոսյանը, որը աշխատել է երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում՝ որպես տնտեսուհի, դիմել է Սյունիքի մարզի դատախազություն եւ հայտնել, որ տնօրենը երեխաների հագուստը վաճառել է: Իսկ թե ինչն է եղել Ժաննա Պողոսյանի այս քայլին գնալու պատաճառը, տնօրենի գործողությունները իրավապահներին հայտնելը, հայտնի չէ: Արդյո՞ք կնոջը խիղճն է տանջել, թե այլ խնդիր կա, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է, որ Ժաննան իրավապահներին հայտնելով կենտրոնում տիրող իրավիճակի մասին՝ այսօր եւս կանգնած է դատարանի առաջ: Միգուցե Ժաննա Պողոսյանը մտածել է, երբ իրավապահներին տեղյակ պահի կենտրոնում կատարվող իրադարձությունների մասին, «կփրկվի», պատասխանատվության առաջ չի կանգնի, սակայն, ինչպես ասում են, «փոս փորողն ինքն էլ է փոսը ընկել»:

Եվ այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերով՝ 120.000 դրամ արժողության անվադողեր, հանդերձանք եւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հայրը՝ Ռադիկ Օհանյանին, որ եղել է կենտրոնի պահեստապետը, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, կազմել է կեղծ ֆակտուրաներ: Սիրվարդ Մինասյանը եղել է խնամքի կենտրոնի հաշվապահը, որին մեղադրանք է առաջադրվել՝ Դավիթ Համբարձումյանին օժանդակելու եւ կեղծ ելքի ֆակտուրաներ կազնելու համար: Ժաննա Պողոսյանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է տնօրենին՝ կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար:

Էդգար Համբարձումյանին, որը խնամքի կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանի ազգականն է եւ կենտրոնում աշխատել է որպես տնտեսվար, մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար: Ի դեպ, Էդգար Համբարձումյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռես 2015 թվականի փետրվարի 2-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Էդգար Համբարձումյանը մետաղե ձողով պատը քանդելու միջոցով ապօրինի մուտք է գործել «Կապան-Էնեղժի» ՓԲ ընկերությանը պատկանող, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքում գտնվող պահեստ եւ գողացել է 158 հազար 920 դրամ, 583 հազար 800 դրամի արժողությամբ յուղ, «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի չորս անիվ, ինչի հետեւանքով ՓԲ-ին պատճառվել է խոշոր չափերով` 1 միլիոն 928 հազար 240 դրամի գույքային վնաս:

Այս արարքի համար Էդգար Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ ազատազրկման էր դատապարտվեոլ երկու տարի ժամկետով:

Նկատենք, որ այս գործը քննող դատավորը Նապոլեոն Օհանյանն է, որը մեղադրյալներից Ռադիկ Օհանյանի ազգականն է: Բայց ոչ միայն ինքնաբացարկ չի հայտնել, այլեւ այս գործով մի քանի դատական նիստեր է անցկացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ դատավորից պարզել, թե ինչո՞ւ ինքնաբացարկ չի հայտնել, արդյո՞ք նա կարող է օբյեկտիվ վճիռ հրապարակել, երբ ամբաստանյալի աթոռին իր ազգականն է, վերջինս լսելով հարցը՝ ասաց՝ հաջողություն: Դե, իհարկե, հաջողություն, քանի որ արդեն դժվար չէ կանխատեսել, թե ինչ հանգուցալուծում կունենա այս գործը:

Ստացվում է՝ ազգականներով գործի մեջ են: Եւ որպեսզի ամեն ինչ պարզ լինի, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ գործով անցնող, այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Համբարձումյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, իսկ մեղադրյալներից Ռադիկ Օհանյանի որդին Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: Այս առիթով հարուցված գործը քննում է դատավոր Նապոլեոն Օհանյանը, որը դատարանի նախագահի ազգականն է: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս