Հրազդանի քաղաքային իշխանության մոտ իսկական խուճապ է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 6-ի համարում հրապարակված «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» հոդվածից հետո Հրազդանի քաղաքային իշխանության մոտ իսկական խուճապ է սկսվել: Բացի այդ` վրջին օրերին խմբագրություն են զանգահարում բազմաթիվ հրազդանցիներ եւ հետաքրքրվում Արցախին իրենց կողմից որպես օգնություն հանգանակած գումարների ճակատագրով:

Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի բոլոր համայնքներում սկսեցին գումարներ հանգանակել` Արցախին որպես օգնություն ուղարկելու համար: Նույնը տեղի է ունեցել նաեւ Հրազդանում: Սակայն այստեղ Արցախին օգնություն փոխանցելու համար տեղական իշխանությունը, չգիտես ինչու, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին տվել է իրենց` «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը: Սա այն դեպքում, երբ Արցախի կառավարությունը կոնկրետ հաշվեհամարներ էր հրապարակել` հատուկ օգնության գումարները փոխանցելու համար: «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» տնօրեն Սպարտակ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր հաշվեհամարին փոխանցված գումարներով իրենք ապրանքներ են գնել եւ ուղարկել Արցախ:

ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված հանգանակված գումարների ցանկից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամից» Արցախ ուղարկված ո՛չ նյութական եւ ո՛չ էլ դրամական օգնություն չկա: Արցախ գումար են փոխանցել միայն Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը՝ 750 հազար դրամ, եւ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցը՝ 429 հազար 500 դրամ: Հավելենք, որ Կոտայքի մարզպետարանից որպես նյութական օգնություն Արցախ է ուղարկվել 21 հազար 465 հատ սնունդ եւ 11 հազար 340 շիշ ըմպելիք:

Ամեն դեպքում, այն հրազդանցիները, ովքեր Արցախին օգնելու համար գումար էին հավաքել, սկսել են ակտիվորեն հետաքրքրվել իրենց հանգանակած գումարների ճակատագրով: Սակայն մարզպետարան կամ քաղաքապետարան դիմած հրազդանցիներին այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չի տրվում: Ստիպված նրանք դիմում են «Ժողովուրդ» օրաթերթին: Այս խնդրի հետ կպված «Ժողովուրդ»-ին է զանգահարել նաեւ Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտի ծնող Անահիտը:

«Մեզ հետաքրքիր է, թե ինչ են արել մեր փոխանցած գումարները: Թող պարզաբանեն կամ թվային հաշվետվություն ներկայացնեն այն մասին, թե կոնկրետ ի՞նչ ապրանք են գնել, ի՞նչ գնով: Պահանջում ենք, որ մեզ փաստեր ներկայացնեն: Ես դպրոցում աշակերտ ունեմ եւ գումար փոխանցել եմ որպես ծնող: Հիվանդանոցում նույնպես գումար են հավաքել, նաեւ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, բայց հիմա ամեն ինչ անորոշ է: Բոլորս էլ ցանկանում ենք իմանալ մեր տված գումարը բուն նպատակին ծառայե՞լ է, թե՞ ոչ:

Գուցե՞ այն որպես ընտրակաշառք է բաժանվել»,- վրդովված նկատեց խմբագրություն զանգահարած քաղաքացին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Կոտայքի մարզպետարան եւ հետաքրքրվեց՝ հնարավոր է՝ առաջիկայում մարզպետարանը հրապարակի հանգանակված գումարով արված ծախսերը: Այս հարցին ի պատասխան՝ լրատվության հարցերով պատասխանատու Ստեփան Ասատրյանն ասաց. «Դեռեւս հայտնի չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս