ՕՐԵՆՔԸ ԽԻՍՏ Է ԽԵՂՃԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Կարեն Գուլինյանից 246 հազար դրամ՝ որպես նպաստառու ընտանիքին ավել վճարված գումար, բռնագանձելու պահանջով:  
Դիլիջանի ՍԾՏԳ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Կ. Գուլինյանը 2002թ. սեպտեմբերի 1-ից ստանում է ընտանեկան նպաստ: 2013թ. փետրվարին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացված հաղորդագրությունից պարզվել է, որ Գուլինյանը ընտանեկան նպաստ ստանալու ժամանակահատվածում՝ 2012թ. հունվարի մեկից մինչեւ նույն տարվա նոյեմբերի 30-ը, աշխատել է «Ռենկո» կազմակերպությունում, սակայն այդ մասին չի տեղեկացրել գործակալությանը, ինչը հակասում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին: Դիլիջանի ՍԾՏԳ-ի ներկայացուցիչն ասել է, որ Կ. Գուլինյանը չէր կարող ընտանեկան նպաստ ստանալ, քանի որ անապահովության միավորն աշխատելու պարագայում կլիներ սահմանվածից ցածր: Գուլինյանը բանավոր եւ գրավոր տեղեկացվել է անօրինական կարգով ստացած գումարը ետ վերադարձնելու  անհրաժեշտության մասին, սակայն չի վերադարձրել: Նա դատարանին հայտնել է, որ ինքը եւ կինը թոշակառուներ են, իրենց խնամքին են գտնվում 1989թ. ծնված, մանկուց առաջին խմբի ցմահ հաշմանդամ որդին ու վերջինիս դուստրը, որն ունի տեսողության հետ կապված խնդիրներ:
Սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացին ասել է, որ չկարողանալով  թոռան բուժման համար պարտքով գումար ճարել, ինքը ստիպված աշխատանքի է անցել «Ռենկո»-ում, սակայն վատառողջ լինելու պատճառով որոշ ժամանակ անց իր դիմումի համաձայն ազատվել է: Գուլինյանը հայտնել է, որ 2013թ. փետրվարին փոստային բաժանմունքում տեղեկացել է, որ իրենց ընտանեկան նպաստ չի վճարվելու: Նա այդ կապակցությամբ գնացել է Դիլիջանի ՍԾՏԳ-ի պետ Սամվել Դավթյանի մոտ, որը նրան պարզաբանել է, որ 6 ամիս նպաստ չի վճարվելու, որից հետո ինքը համապատասխան փաստաթղթեր կլրացնի ու դարձյալ նպաստ կստանա: Նպաստառու քաղաքացին նշել է, որ ինքը մեղավոր չէ, գործակալությունը պարտավոր էր իրեն տեղյակ պահել եւ հենց առաջին ամսից դադարեցնել նպաստի վճարումը: Նա նաեւ հիշատակել է, որ  ինքը 8  տարի աշխատել է Դիլիջան քաղաքի զբոսայգում, սակայն նպաստի վճարումը շարունակվել է:
Գուլինյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը գտնվում է նյութական ծանր պայմաններում, ստանում է միայն կենսաթոշակ, որը չի բավականացնում կոմունալ ծախսերին, դեղորայքին եւ սննդին: Եվ չնայած այս ամենին` սեպտեմբերի 6-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է հայցը բավարարել եւ Կարեն Գուլինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 246 հազար դրամ՝ որպես վնասի հատուցում: Դատարանը վճռել է նաեւ Կ. Գուլինյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 4920 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս