«99,9 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի18-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում հանդես կգա ««Էթնո ջազ»՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ» համերգով: Իսկ սեպտեմբերի 15-ին շվեյցարական խումբը ելույթ կունենա Yans Music hall-ում:
Authentic Light Orchestra-ի կազմում տարբեր ազգությունների տաղանդավոր երաժիշտներ են, որոնք մասնագիտացված են երաժշտական տարբեր ժանրերում: Վերոնիկա Ստալդերը (Շվեյցարիա, վոկալ), Վալերի Տոլստովը (մուլտիգործիքավորող, կոմպոզիտոր, ֆլեյտա), Եվգենի Լեբեդեւը (ՌԴ, ԱՄՆ, դաշնամուր), Ֆրանս Հելլմյուլլերը (Շվեյցարիա, կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը (Հայաստան, հարվածային գործիքներ), Բեթ Գիսլերը (Շվեյցարիա, բաս կիթառ) շրջագայել են աշխարհում, հանդես եկել ամենահեղինակավոր դահլիճներում ու հանրահայտ փառատոներում: Խմբի ստեղծման գաղափարը Ցյուրիխի բարձրագույն արվեստի դպրոցի երգեհոնի եւ ֆլեյտայի դասարանի շրջանավարտ Վալերի Տոլստովինն է: Նա նվագում է նաեւ աշխարհի բազմաթիվ էթնիկ գործիքներ, կիթառ: Ինչպես երեկ «Նոյյան տապան»-ում կայացած մամլո ասուլիսում նշեց Կարեն Դուրգարյանը, ապրելով ու ստեղծագործելով Շվեյցարիայում՝ խումբը, հայկական երաժշտությունը տարածելով Եվրոպայում, փորձում է ցույց տալ աշխարհին, թե որտեղ է գտնվում Հայաստանը ոչ միայն քարտեզի վրա, այլեւ այն մշակութային ուղղությունը, ինչ որ հայ ազգն ունի. «Վալերին ծնունդով, ծագումով Հայաստանի արտիստ է, 99,9 տոկոսով հայ է եւ, իբրեւ հեղինակ, կոմպոզիտոր, ստեղծագործող, արդեն եւ խմբի մենակատար, տարածում է հայ երաժշտությունը։ Նվագախմբի հետ ելույթ կունենան, որովհետեւ նմանատիպ նվագախմբով իրենք ավելի ցայտուն են հնչելու։ Այստեղ կարող ենք տեսնել Վալերի Տոլստով կոմպոզիտորին»։
Իսկ Վ. Տոլստովը պատմեց, թե ինչպես է պատահաբար ծանոթացել Վերոնիկա Ստալդերի հետ, նրան ներկայացրել հայկական ֆոլկլորը, երգչուհին անմիջապես ոգեւորվել է, մասնավոր դասեր վերցրել հայտնի հայ ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանից, որը նրան շատ է օգնել։ Հիմա շատ լավ կատարում է հայկական երգեր, սակայն հայերեն դեռ չի հասկանում։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս