ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲԱՑՄԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Իսկ սեպտեմբերի 18-20-ը Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Սեպտեմբերի 19-ին Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

ՉԻ ԽԱՂՈՒՄ
«Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ՀԱԿ-ում գտնվողների հետ, որոնք կասկածանքով են վերաբերել իր գործունեությանը եւ նշում, որ նա ընդդիմություն է խաղում, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Եթե սկսենք հաշվել, թե ով ում գործունեությանը որքան կասկածանքով է վերաբերում հանրության շրջանում, բոլորովին այլ պատկեր կստանաք: Ընդ որում, ես ոչ միայն կասկածանքով եմ վերաբերել, այլեւ ինչ մեղադրանք ունեցել եմ, հրապարակավ հնչեցրել եմ եւ դրանք հիմնավորել եմ»: Փաշինյանը նաեւ նշել է, որ արդեն մեկ տարի երեք ամիս է` չի հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԸ ԴՐՎԵՑ
Խարբերդի գերեզմանատանը երեկ դրվել է հուլիսի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի գերեզմանաքարը: Այն պատրաստվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ:

ՍԿԶԲՈՒՆՔԸ ՓՈԽԵՑ
ՀՀՇ-ն վերածնելու նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ հայտարարել է, որ «Հայոց համազգային շարժման» համագումարը հետաձգվում է տեխնիկական եւ քաղաքական պատճառներով: Ըստ նրա՝ հավանական է` համագումարը մինչեւ տարեվերջ կայանա: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը ՀՀՇ-ն վերածնելու գործում՝ Իգիթյանն ասել է. «Եթե վարչապետը հրաժարական տա, փորձի վերադառնալ իր քաղաքական ակունքներին, ինքը լինելու է ԱԺՄ-ի անդամ: Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունն այնպիսի համակարգ է ստեղծել, որտեղ նույնիսկ սկզբունքային մարդիկ սկզբունքը փոխում են եւ հրաժարական չեն տալիս, նրանք ծառայում են այն  ցուցումին, որն իջեցվում է վերեւից, եւ շարունակում են նույն եռանդով արդարացնել, բացատրել մի գիծ, որը լրիվ հակասական էր իրենց համար: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ակտիվ եւ պրոֆեսիոնալ ձեւով աշխատում էին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ: Այսօր էլ նույն ձեւով կաշխատեն Մաքսային միության շուրջ»:

ԶԶՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկ Ղազախստանում գտնվող 89-ամյա աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը խնդրել է  իր հետ չխոսել քաղաքականությունից: Ալմաթայում Ազնավուրին պարգեւ է շնորհվել «Համաշխարհային երաժշտության մեջ ներդրում անելու համար»: «Հաճելի էր այդ շնորհին արժանանալը: Ես սիրում եմ ցանկացած պարգեւատրումներ ու այն քաղքենիներից չեմ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրաժարվել պարգեւներից»,-ասել է նա:




Լրահոս