Նախախորհրդարանի հայտարարությունը անկախության 22-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար:
Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու, որ այս հնարավորությունները միայն մասամբ իրականացվեցին, ինչի պատճառը մեր ազգային ոգու և գիտակցության մեջ ազատագրական պայքարի իմաստի ու տրամաբանության խեղաթյուրումն էր: Դա հանգեցրեց նաև ազգի կամքի աղճատված դրսևորման, որի հետևանքով անկախ պետականության ստեղծումը այդպես էլ չդարձավ համազգային իղձ ու նպատակ: Չդարձավ, որովհետև չկար այդ ոգին, գաղափարն ու կամքը կրող բավարար քանակի ու որակի ազգային ընտրախավ, ուստի չկար նաև համապատասխան ազգային ծրագիր: 
Որպես արդյունք` ազգային-ազատագրական պայքարը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը և ընդհատվեց: Այսօրվա պետականությունը ստացանք որպես Խորհրդային Միության փլուզման առարկայական հետևանք, այլ ոչ որպես իմաստավորված համազգային պայքարի արգասիք, Արցախի հարցում ընտրվեց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերին համահունչ լինելու, նրա ինքնորոշման իրավունքը բացարձականացնելու և այն բացառապես անկախության տարբերակի մեջ դիտելու ճանապարհը, ինչը հանգեցրեց ոչ միայն մեր ժողովրդի արյան ու տառապանքների գնով ձեռք բերածի մասնակի զիջման, այլև Հայաստանի Հանրապետությունը վերածեց նշված ուժային կենտրոնների շահերը սպասարկող չկայացած ու գաղութացված պետության, իսկ Արցախն ու նրա բնակիչներին` դրանց պատանդի:
Որպես այս ամենի հետևանք, ներկայիս Հայաստանը (Արցախը ներառյալ) և հայ ժողովուրդը հայտնվել են կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող, այդ թվում` պետականության, համակարգային ճգնաժամի մեջ: 
Ճգնաժամը բնութագրվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ արդի նորգաղութացման` ավելի ու ավելի կատարելագործված մեխանիզմների և մեթոդների կիրառմամբ, Հայաստանի` առանց այն էլ նվազարկված ինքնիշխանության մաս առ մաս հանձնմամբ, ժողովրդի իշխանության յուրացվածությամբ և պետական կառավարման համակարգի` երկրի գաղութացման ու նրա ժողովրդի կեղեքման գործիքի վերածմամբ, անձնական ու կլանային շահերի համար ազգայինը զիջելու պատրաստ դավաճանական ու անգործունակ վերնախավի տիրապետությամբ, քաղաքական-կուսակցական համակարգի փաստացի անգոյությամբ և պաշտոնական ընդդիմության ծախվածությամբ և/կամ անգործունակությամբ: 
Այս ճգնաժամի պատճառով տեղի ունեցող` ազգի ինքնության հիմքերի շարունակական խարխլումը և զանգվածային արտագաղթը տեսանելի մոտակա ապագայում կհանգեցնեն պետականության կորստի, ինչը մեր տարածաշրջանում հղի է նաև հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման վտանգով: 
Այս մռայլ հեռանկարից խուսափելու, համակարգային ճգնաժամը հաղթահարելու և հայության իղձերն իրականացնելու միակ ճանապարհը ընդհատված ազգային-ազատագրական պայքարը վերսկսելն ու տրամաբանական ավարտին հասցնելն է: 
Ի դեպ, ազատագրական պայքարի հաջողության համար նպաստավոր են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին նախադրյալները: Հայաստանում ձևավորվել է անկախության ոգով ու գիտակցությամբ տոգորված սերունդ, իսկ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող խորքային փոփոխությունները, ինչպես նաև մեր երկրի համար մեկից ավելի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների պայքարը, որ թուլացնում է նրանց գաղութային ազդեցության գումարային ուժը, մեզ ընձեռում են որպես քաղաքական սուբյեկտ կայանալու և հզոր ուժերի միջև խուսավարելու մեծ հնարավորություններ; 
“Նախախորհրդարանը”, լինելով այս հիմնախնդրի լուծման կենսական անհրաժեշտության հավաքական գիտակցության ծնունդ, Արցախյան շարժման մեկնարկից 25 տարի անց` աչքի առաջ ունենալով կատարված սխալները, այդ թվում` պետության կառուցման 22-ամյա ձախողված փորձը, ինչպես նաև ներքին ու արտաքին բարենպաստ նախադրյալները, ձգտում է այսօրվա գաղութացված, ստրկամիտ ու անգործունակ քաղաքական-կուսակցական սերնդի փոխարեն համախմբել առողջ քաղաքացիական ակտիվից ծնվող, ազգային ազատագրության ոգին, գաղափարն ու կամքը կրող նոր քաղաքական սերունդ և նրա ուժերով կազմել ու իրագործել իրավամբ անկախ պետության ստեղծման իր ծրագիրը: 
“Նախախորհրդարանը”, համոզված լինելով, որ հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի և պետությունաստեղծ տաղանդի, նրա հսկայական մտավոր ու նյութական կարողությունների մի մասն անգամ բավարար է այս ծրագրի իրագործման համար, համայն հայությանը կոչ է անում գիտակցել մեր պետականության վախճանական ընթացքը, մերժել այս օրերին կազմակերպվող ու “ժանտախտի ժամանակ խրախճանք” հիշեցնող կեղծ տոնականությունը և վերստին ելնել ազգային-ազատագրական պայքարի` որպես հիմնական նպատակ ունենալով ներկայիս Հայաստանի (Արցախը ներառյալ) տարածքում ինքնիշխան ազգային պետության կառուցումը:




Լրահոս