Արագածավան համայնքում կառուցվել է նոր ջրագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կառուցվել է 1100 մետր երկարությամբ նոր ջրագիծ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոռոգել 130 հա հողատարածք` ևս 150 հա ջրարբիացնելու պոտենցիալ հնարավորությամբ: Նոր ջրագծով ջուրը մատակարարվելու է հարևանությամբ գտնվող պոմպակայանից, որը վերանորոգվել ու արդիականացվել է “Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան” (ՀՄՀ-Հայաստան) ծրագրով:  
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից հայտնում են, որ  Արագածավան համայնքի, ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև կնքված հուշագրի համաձայն՝ ծախսերը բաժանվել են:
Համայնքը իրականացրել է պոմպի ձեռքբերումն ու տեղադրումը, էլեկտրական ենթակայանի տեղադրումը, 1100 մետր երկարությամբ խողովակատարի փորման, խողովակների ամրացման ու զոդման աշխատանքը:  Ծրագրի իրականացման ղեկավարումն ու համակարգումն իրականացրել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF):
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 21 330 000 ՀՀ դրամ:
Ֆինանսավորումն իրականացրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը` ,Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանումե համատեղ ծրագրի շրջանակում, COAF  հիմնադրամը և Արագածավան համայնքի այգեգործները և համայնքի ղեկավարությունը:
Նշենք, որ COAF հիմնադրամը 2012թ. աշնանը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ Արագածավանում PACA (մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) մեթոդոլոգիայով անցկացրել է հետազոտություն:
Մասնագետները, երկու ամիս աշխատելով Արագածավանում, ուսումնասիրել են համայնքի տնտեսական ներուժը, մշակել առաջարկությունների փաթեթ, որտեղ ներկայացրել են Արագածավանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների ծրագրերը:
Հետազոտության արդյունքի համաձայն` առանձնացվել էին Արագածավանի տնտեսության գերակա ճյուղերը, որոնցից մեկը այգեգործությունն է: Այգեգործությունը շահեկան գյուղատնտեսական ճյուղ է համայնքի համար, քանի որ Արագածավանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թույլ է տալիս բերքը ստանալ 20 օրից 1 ամիս ուշ` համեմատած Հայաստանի մյուս տարածաշրջանների հետ, ինչը շահեկան գներով ու պայմաններով շուկա մտնելու հնարավորություն է:




Լրահոս