ՄԵՐ ԱՄԱՉԿՈՏ ԴԵՍՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթուլ Մարգարյանը մեր դիվանագիտական կորպուսի հնաբնակներից է, կարելի է ասել՝ մարտական ջոկատի անդամներից մեկը, որը, սակայն, միշտ զարմացրել է իր չարդարացված «ամաչկոտությամբ»՝ պետության համար կարեւորագույն խնդիրների քննարկումների ժամանակ դառնալով չափազանց պասիվ եւ թույլ տալով, որ մեր գաղափարական հակառակորդներն առաջ անցնեն…
Օրինակ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանին Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրելու հարցում, թվում էր, թե մեր դեսպանը լուրջ աշխատանքներ է իրականացնելու, ոտքի է հանելու ամերիկյան սփյուռքն ու Հայ դատի պատասխանատուներին, ՄԱԿ-ում կազմակերպելու է դեմարշ, սակայն մեր դեսպանը բավարարվեց մի քանի կցկտուր քայլերով, այն դեպքում, երբ հատկապես այդ աշխարհամասում հայերի ներկայությունը շատ ավելի մեծ ու ազդեցիկ է, քան ադրբեջանցիներինը… Բայց սա միակ դեպքը չէ, երբ մեր «առանցքային» դեսպանը հանդես է բերում յուրօրինակ «ամոթխածություն»՝ այսպես ցույց տալով մեր դիվանագիտության պերճանքն ու թշվառությունը:
Ցավոք, կարծես արդեն օրինաչափ է այն, որ մեր դեսպանների զգալի մասը չունի դիվանագիտական կրթություն: Թաթուլ Մարգարյանի դեպքում այդ կրթությունը տնտեսագիտական է՝ նա ավարտել է Երեւանի  տնտեսագիտական համալսարանը՝ Ժողինստիտուտը: Ավելին, դարձել է տնտեսագիտության թեկնածու: Բայց տնտեսագիտությունից զատ, միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ջոնս Հոփկինսի hամալսարանում եւ գիտությունների թեկնածուի աստիճան՝ Լոնդոնի քաղաքագիտության եւ տնտեսագիտության hամալսարանում: Նշանակում է, որ, ի տարբերություն շատ դեսպանների, նա կարողացել է լրացնել իր կրթական բացը եւ ստանալ նաեւ մասնագիտական կրթություն:
Թ. Մարգարյանի աշխատանքային կենսագրությունը սկսվել է 1990-1991թթ., երբ աշխատանքի է անցել որպես ՀՀ Գերագույն խորհրդի փոխնախագահի օգնական: Ընդամենը մեկ տարի այստեղ աշխատելուց հետո հայտնվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի աթոռին՝ ապացուցելով, որ իր համար, անտարակույս, եղել են բարեխոսներ եւ հզոր հովանավորներ, որովհետեւ հազիվ թե ընդամենը մեկ տարի երրորդական պաշտոն զբաղեցնող երիտասարդին հենց այնպես վստահվեր նման  պատասխանատու պաշտոն: Այստեղ, սակայն, նա մի քանի ամիս է աշխատել եւ 1991-ի վերջերին հայտնվել ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի աշխատակազմում որպես նրա օգնական, ապա խորհրդական: 1994-ից էլ, խորհրդականի պաշտոնը թողած, միանգամից հայտնվել է դիվանագիտական ոլորտում՝ նշանակվելով ԱՄՆ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ:
Ո՞վ էր շահագրգռված, որ խորհրդականի կամ օգնականի պաշտոն զբաղեցնող մարդը հայտնվեր դիվանագիտական ոլորտում… Այս հարցի պատասխանը հայտնի է քչերին: Ինչեւէ. Թ. Մարգարյանն ԱՄՆ-ում երկար չմնաց, վերադարձավ Երեւան ու 1999-ին նշանակվեց ՀՀ ԱԳ նախարարի օգնական: Ըստ էության, տեխնիկական պաշտոն, բայց ամենազարմանալին այն էր, որ ընդամենը տեխնիկական պաշտոն զբաղեցնող մարդը մի քանի ամիս անց նշանակվեց ԱԳ նախարարի տեղակալ՝ այստեղ աշխատելով մոտ հինգ տարի: Ասում են, որ այս շրջանում Թ. Մարգարյանը եղել է Վարդան Օսկանյանի «պրոտեժեն», եւ հենց Օսկանյանն է ամեն կերպ աջակցել նրան: 2002-2003թթ. Թ. Մարգարյանին է վստահվել Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականությունը: Գիտենք, որ հենց այս տարիներին ղարաբաղյան հիմնահարցը ձեւափոխվեց, մի շարք առաջնություններ մոռացության տրվեցին, Հայաստանն ու Ղարաբաղը հեռացան նախկինում գրանցած իրենց հաջողություններից ու ձեռքբերումներից: Ավելին, սրանք մեր դիվանագիտական պարտությունների տարիներն էին: Իհարկե, հետին թվով դժվար է մեղադրանքներ ներկայացնել Թ. Մարգարյանին, որովհետեւ նա ընդամենը ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի խոսնակն էր, մարդ, որը բանակցություններում կրկնում էր այն ամենը, ինչ նրան հանձնարարված կամ թելադրված էր: 2005թ. Թ. Մարգարյանին «խնդրեցին» թողնել նախարարի տեղակալի պաշտոնը, սակայն նշանակեցին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, իսկ 2012թ. ապրիլից՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում…
Թե ինչ է անում մեր դեսպանը Միացյալ Նահանգներում, ինչպես է նպաստում այն բանին, որ «աշխարհի ոստիկան» կարգված երկրում պաշտպանվեն նաեւ մեր շահերը, տեսանելի է ԱՄՆ-ի՝ ՀՀ-ի նկատմամբ վարվող քաղաքականությունից: Նշենք միայն, որ պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Թաթուլ Մարգարյանին չի ընդունել ԱՄՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, որեւէ կարեւոր իրադարձության ժամանակ չի հիշատակվել ՀՀ դեսպանի անունը… Հետեւաբար, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդամենը Հայաստանից հեռու, բավական լավ պայմաններում ապրող պաշտոնյա է: Ուրիշ ոչինչ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս