ԴԱՏՎԵԼ, ԲԱՅՑ ՉԾԱՌԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Արմեն Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2013 թվականի հուլիսի 3-ից մինչեւ հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր: Ա. Զաքարյանը նախկինում դատված է. նա 2012թ. ապրիլի 12-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից):
Ա. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է սպայի կամ ենթասպայի կողմից): Սույն հոդվածը նախատեսում է զինվորական ծառայության մեջ սահմանափակում` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով: Ա. Զաքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:
Նույն օրը նույն դատարանում կմեկնարկի եւս մեկ դատավարություն: Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Ռաֆիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի հրաձգային գումարտակի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ. հունիսի 7-ից մինչեւ hուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր տեւողությամբ 26 օր, առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության: Ռ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 361-րդ հոդվածի 1-ին մասով (երեք օրից ավելի, բայց ոչ մեկ ամսից ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը): Սույն հոդվածը նախատեսում է կալանք` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելը` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով: Նախկինում 2 անգամ դատված Ռ. Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս