ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ
Խոսակցություններն այն մասին, որ երգչուհի Նանան ամուսնացել է մեծահարուստի հետ եւ շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել, երեկ հերքվեցին երգչուհու մենեջերի կողմից, ով մինչ այդ, երբ շրջանառվում էր այդ լուրը, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր երգչուհու ամուսնության փաստը: Ի վերջո, կայքերից մեկի հետ զրույցում Նանայի մենեջեր Պողոս Ամիրխանյանը պարզաբանել է երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները ու հավատացրել, որ իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ արվել են ոչ թե իր հարսանիքի ժամանակ, այլ ամսագրերից մեկի համար, որի շապիկին կհայտնվի երգչուհին: Մենեջերի խոսքով՝ նա դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքով: Առաջիկայում էլ նոր երգեր է ձայնագրելու, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով հանդես գալու…

ԳՈՐԾԱՐԱՐ ԴԵՐԱՍԱՆԸ
Սերիալներից հայտնի դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանն այս պահին հրաժարվում է նկարահանվել սերիալներում, քանի որ ցանկանում է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: Դերասանի խոսքով, եթե հարմար առաջարկներ չլինեն, ինքը բոլորովին այլ գործով կզբաղվի:
Ի դեպ, արդեն յոթ տարի է, ինչ Բաբասյանն անշարժ գույքի գործակալություն ունի, որն ընդլայնել է իր գործունեությունը եւ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում: Իր հարցազրույցներից մեկում դերասանը նշել է, որ նոր բիզնես սկսելու նպատակ ունի. «Ցանկանում եմ այն Մոսկվայում իրականացնել: Ամեն ինչ դեռ քննարկման փուլում է. եթե բանակցությունները բարեհաջող ընթանան, հնարավոր է՝ մի քանի տարի Ռուսաստանում ապրեմ»:

ԱՆԱՄՈԹԱԲԱՐ ՀԵՐՔՈՒՄ ԷՐ
News.am-ի փոխանցմամբ՝ «32 ատամ» հումորային նախագծի մասնակիցները նոր հաղորդում են պատրաստել, որը կհեռարձակվի Հ1-ով: Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի սկզբին գրել էր, որ «32 ատամ» ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հանրային առաջին ալիքով: Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հերքել էր դա. «Ձեր տեղեկությունները սխալ են: Առաջիկայում կիմանաք»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս անգամ Բեռլուսկոնին իր 28-ամյա ընկերուհու՝ Ֆրանչեսկա Պասկալեի հետ հայտնվել է հանրահայտ Vanity Fair ամսագրի շապիկին: Ի դեպ, Բեռլուսկոնիի նոր սերն իրենից փոքր է 49 տարով: Ֆրանչեսկան խոստովանել է, որ Բեռլուսկոնիի հետ ամուսնանալը եղել է իր մանկության երազանքը, ու երբ նրանք առաջին անգամ հանդիպել են 2006թ., աղջիկը շտապել է վարչապետին թողնել իր հեռախոսահամարը:




Լրահոս