Հարց քաղաքացիներից` քաղաքացին կարող է իր բնակարանից դուրս գրել անչափահաս թոռնիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ չսեփականաշնորհված բնակարանում: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ այդ բնակարանից դուրս գրել իմ 1,5 տարեկան թոռնիկին՝ որդուս զավակին: Երեխայի մայրը բաժանված է որդուցս: Մայրը թոռնիկիս հետո բնակվում է իրենց բնակարանում՝ ուրիշ ընտանիքի հետ: Երեխայի մայրը կատեգորիկ հրաժարվում է բնակագրել երեխային իր մոտ: Նշեմ, որ որդիս համաձայն է երեխայի դուրս գրմանը: Խնդրում եմ ասեք՝ կոնկրետ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:

Ռիմա Հարությունյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԸՕ 17 հոդվածի՝ ամուսնության լուծարման դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից որ մեկի հետ են ապրելու անչափահաս երեխաները, եթե տվյալ հարցը չի կարգավորվել ամուսինների փոխհամաձայնությամբ: ՀՀ Քաղ. Օր. 23 հոդվածի համաձայն՝ 14 տարին չբոլորած անչափահասների բնակության վայր է ճանաչվում իրեն օրինական ներկայացուցիչների (ծնողների) բնակության վայրը:
Այդ իսկ պատճառով Ձեր դեպքում երեխայի (եւ, համապատասխանաբար, գրանցումն (բնակագրումն) այդ վայրում) բնակության վայր պետք է հանդիսանա այն ծնողի բնակության վայրը, որի հետ նա ապրում է դատարանի որոշման (նախկին ամուսինների միջեւ համաձայնության) համաձայն: Եթե դատարանի որոշման (համաձայնության) համաձայն երեխան ապրում է մոր հետ, ապա դատարանի որոշման եւ բնակության նոր վայրում բնակագրման վերաբերյալ դիմումի համաձայն պետք է հանվի տատիկի բնակության վայրում գրանցական հաշվառումից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծնողներից առանձին բնակվող, 16 տարին չլրացած անչափահասներն, ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի, հաշվառվում են ծննդյան վկայականի հիման վրա:




Լրահոս