Արդյոք Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունը բավարար է գնալու այն խմբի հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ ժողովրդի համար ուղենիշ չէին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման 11-րդ օրը «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկվեցին Խորենացի փողոցում իրենց անվտանգությունը երաշխավորող հանրային վահանից. հարթակը տնօրինող գործիչների ոչ հեռատես եւ վատ հաշվարկված քայլերի արդյունքում ՀՀ ոստիկանությունը կարողացավ հասնել նրան, որ Խորենացի փողոցից հավաքը տեղափոխվեց Ազատության հրապարակ: Սակայն, ցավոք, քաղաքական գործողությունների ավանդական թատերաբեմ տեղափոխությունն ամենեւին չի նշանակում վերադարձ նաեւ քաղաքական մտքի, հստակ ձեւակերպված ասելիքի եւ քայլերի հաջորդականության:

Մինչդեռ ընդամենը 2-3 ամիս առաջ նույն Ազատության հրապարակից Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական պայքարի կոչ էր անում, եւ հրապարակը դատարկ էր… Նա եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած անդամներն արդեն շուրջ 2 տարի է՝ փորձում էին քաղաքական պայքար տանել այս իշխանությունների դեմ: Հիշենք նրանց շուրջօրյա նստացույցերը Ազատության հրապարակում, որոնք մեծավ մասամբ խիստ սակավամարդ էին, հիշենք ամիսներ շարունակ նախապատրաստվող դեկտեմբերի 1-ի «քաղաքացիական անհնազանդության օրը», որը եւս բազմամարդ չեղավ, իսկ արդեն դրանից հետո Սէֆիլյանի բացօթյա ասուլիսներին անգամ լրագրողներից քչերն էին գնում: Սա փաստ է: Սակայն նաեւ փաստ է այն, որ երեկ անգամ բերման ենթարկվելու վտանգի առաջ չերկնչելով՝ հարյուրավոր մարդիկ գնում էին Խորենացի փողոց, ապա հազարները հավաքվեցին Ազատության հրապարակում: Այդ բոլոր մարդիկ, փաստորեն, պայքարում են ոչ միայն «Սասնա ծռերի», այլեւ նրանց առաջնորդի՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման եւ քաղաքական ծրագրերի իրագործման համար: Եվ այստեղ հարց է ծագում. եթե Սէֆիլյանի գաղափարներն ու քաղաքական ծրագրերը հոգեհարազատ էին մեր ժողովրդին, ինչու այդ բոլոր մարդիկ, ովքեր երեկ եւ նախորդ 11 օրերին Խորենացի փողոցում էին, չէին գալիս Ազատության հրապարակ՝ կանգնելու Ժիրայրի կողքին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Սէֆիլյանի եւ նրա համախոհների գաղափարներն ընդունելի չէին այդ մարդկանց համար, այդ դեպքում ինչը նրանց տարավ Խորենացի փողոց: Արյունահեղության վտա՞նգը: Եթե այո, արդյոք դրանով այդ վտանգը չբազմապատկվեց, առավել եւս՝ հիմա, երբ ժողովրդի կենդանի վահանը, փաստորեն, Խորենացուց հանվեց եւ տեղափոխվեց Ազատության հրապարակ: Սրանք հարցեր են, որոնց մասին այս օրերին քչերն են համարձակվում խոսել: Մինչդեռ այս հարցերի պատասխանը շատ կարեւոր է: Ժողովուրդը պետք է նախ ազնիվ լինի ինքն իր հետ, հասկանա՝ արդյոք Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմի նկատմամբ ատելությունը բավարար է գնալու մի մարդու հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ իր համար ուղենիշ չէին: Առանց այդ հարցում վստահ լինելու՝ ինչ քայլի էլ որ մարդիկ գնան, որոշ ժամանակ անց հուսախաբությունն անխուսափելի է լինելու:
Իսկ առայժմ միակ բանը, հանուն որի պետք է պայքարենք յուրաքանչյուրս, արյունահեղություն թույլ չտալն է:




Լրահոս