Ինչո՞ւ հեռացավ Քաղավիացիայի պետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, առաջիկայում զբաղվելու է նաեւ թռչնաբուծությամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա 4 տարի առաջ սնանկացած եւ այժմ արդեն առողջացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի նոր հիմնադիրն է:

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին: Նշենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Եւ չկարողանալով մարել դրա վարկային պարտավորությունները՝ մնացել է բանկին: Ապա սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Իր գործունեության այս նոր ոլորտի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:

-Պարո՛ն Մովսեսյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեռք բերեցիք սնանկացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկան: Այն ի՞նչ առնչություն ունի «Դվին» կոնցեռնի հետ:

-Պաշտոնապես արդեն ես եմ ընկերության հիմնադիրը եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Հիմա այն «Դվին-հոլդինգ» ընկերության հետ ոչ մի առնչություն չունի: Վերջին տարիներին նշված ընկերությունը խնդիրներ ուներ. սնանկացած էր ու գրավադրված տարբեր բանկերում: «Գետամեջ» թռչնաֆաբրիկան գրավադրվել է մեկ ուրիշ բիզնեսի համար: Ես առաջարկություն ստացա այն վերականգնելու եւ վերագործարկելու վերաբերյալ եւ որոշակի վերլուծություններից հետո առաջարկը ընդունեցի:

-Այժմ ընկերությունը գործունեություն ծավալո՞ւմ է:

-Ընկերությունը չորս-հինգ տարի առաջ ֆինանսական խնդիրներ ուներ: Հիմա այն չի գործում: Հուսով ենք, որ այս տարի ընկերությունը կվերսկսի իր գործունեությունը: Խորհրդարանական ընտրությունները դա հետ գցեցին, որովհետեւ նախ եւ առաջ քաղաքականության հետ կապված խնդիրներում պետք է փորձեմ իմ ակտիվությունը դրսեւորել: Եթե պատգամավոր ընտրվեմ, ապա իմ եղբայրը կզբաղվի թռչնաֆաբրիկայի գործունեությամբ, եթե ոչ, ապա ես անմիջապես կսկսեմ զբաղվել ընկերությամբ:

-Պարո՛ն Մովսեսյան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Ձեր հրաժարականը անակնկալ էր… Իրականում ի՞նչ եղավ:

-Իմ այնտեղից դուրս գալը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետ է կապված եւ իմ՝ ընտրական պրոցեսներում ներգրավվելու մտայնությամբ: Այսինքն՝ ես անցած տարվա փետրվարին որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու հետ կապված»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս