Շվեդիայում մահացած հայ զբոսաշրջիկի հայր. «ՀՀ իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան: Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ:

«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը: Մենք Շվեդիայում 3 փաստաբան ենք վարձել, այս շաբաթվա մեջ գործը կմտնի դատարան:

Փաստաբանները զարմացած ասում են, թե ձեր պետությունն ի՞նչ պետություն է, որ չի ուզում խառնվել այս գործին: Պիտի գոնե դիմեին, ասեին էս մեր քաղաքացու հետ էս ի՞նչ եք արել: Այնքան անմարդկային են, որ գնացել փաստաբանին ասել են՝ ուր եք գազ տալիս»,– պատմեց մահացած երիտասարդի հայրը՝ առանց մանրամասնելու, թե որ պաշտոնյան է փաստաբանին նման բան ասել: Հոր խոսքերով՝ տղան բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում ու ընկերների հետ շրջել է եվրոպական մի քանի երկրում…

Նշենք, որ 32–ամյա Դավիթ Բարսեղյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս