ԻՆՉ ԵՆ ԳՈՒԺՈՒՄ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեեւ որոշակի ակտիվություն է նկատվում, սակայն կոնկրետ գործողություններ սպասվում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Ըստ տեղեկությունների` ապրիլի 2-ից հետո հնարավոր է` անցկացվի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը:

Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, մասնավորապես ՌԴ-ն, զբաղված են հանդիպման նախապատրաստական աշխատանքներով. մարտի վերջերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, ու թերեւս այդ ժամանակ էլ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Սարգսյան-Ալիեւ հանդիպման վայրի ու ժամկետների վերաբերյալ:
Իսկ մինչ այդ հատկանշական է փաստը, որ հայկական կողմը խոսում է այս պահին ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների դադարեցման մասին: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Այդ բանակցությունները չեն ընթանում այսօր այն պատճառով, որ շատ լուրջ հարված հասցվեց ապրիլյան նոր ագրեսիայով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ: Եվ կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը հետ մղվեց: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը եւ եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին եւ շարունակում են ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել: Երբ որ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են,եւհետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ուրեմն մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իսկապես պատրաստ է բանակցությունների,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով,- բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին: Եվ դա է պատճառը, որ եռանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փորձում են հնարավոր ջանքեր գործադրել, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացը, դրա պատճառով է, որ եռանախագահները այցելեցին Բաքու: Այս ամսվա վերջին, դա մարտի 27-ին է լինելու, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաեւ Ղարաբաղում, եւ պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ: Բայց նախեւառաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին»:
Նկատենք, որ օրերս էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր նման հայտարարություն արել` ասելով, որ ներկա պահին Հայաստանի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաեւ առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»,- ասել է նա։ Այլ կերպ ասած, կողմերը միմյանց մեղադրում են բանակցային գործընթացը դադարեցնելու մեջ՝ ընդ որում, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով կրկին վերսկսել այն: Գոնե այդպես են ցույց տալիս իրենց պաշտոնական հայտարարություններում:
Եւս մեկ ուշագրավ փաստ. Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին մեկ ամսվա ընթացքում առանձին հանդիպումներ էին ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սկզբում Մոսկվա էր մեկնել Նալբանդյանը, իսկ հետո՝ Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են ղարաբաղյան կարգավորման վերջնական փաթեթի համար, դեռեւս քննարկվում են»:
Նալբանդյանը երեկ չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր թեմաները չեն համաձայնեցվել: «Գիտեք, սա բանակցային գործընթաց է. եթե կարիքը լիներ, հիմա ներկայացնեինք այն կետերը, որոնց հետ չենք համաձայնել, էն ժամանակ բանակցությունների իմաստ չէր լինի: Թերթերի միջոցով մենք կբանակցեինք եւ հանդիպումներ չէինք էլ ունենա»,- ասել է նա:
Նկատենք, որ երեկ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ բավական ուշագրավ շեշտադրումներ անելով: «Ռուսաստանը մտադիր է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթների հիման վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հայտարարության մեջ խոսք է գնում խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արված հարցը լուծել առանց ուժ կիրառելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Միաժամանակ Զախարովան շեշտել է. «Եռյակի կողմից համաձայնեցված մոտեցումներին զուգահեռ կշարունակվեն նաեւ Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատկապես մտերիմ հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծ կարծիքներ փոխանակել գլխավոր հարցերի շուրջ»: Այլ կերպ ասած՝ ՌԴ պաշտոնյան եւս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել հենց համանախագահ մյուս երկու երկրների համաձայնությամբ:
Մինչ այդ նկատենք, որ հայկական դիվանագիտությունն այսօր փոխանակ օգտվի իրավիճակից եւ առաջ մղի բանակցային գործընթացը` այդպես Ադրբեջանին դնելով փակուղու առաջ, ընդհակառակը, նեղացածի կեցվածք է ընդունել, եւ ՀՀ ԱԳ նախարարը կրկնում է բանակցային գործընթացը դադարեցված լինելու նույն մտքերը, ինչ օրեր առաջ ասել էր իր ադրբեջանցի պաշտոնակիցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ՆԱԵՎ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինինը երեկ ՀՀԿ-ում հանդիպել է իշխող կուսակցության պատասխանատուների հետ: Նա հանդիպումներ է ծրագրել նաեւ ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերի հետ եւս: Հատկանշական է այն փաստը, որ մինչ այդ ՀՀԿ էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը: Բացի այդ՝ նա հանդիպումներ է անցկացնում նաեւ մյուս կուսակցությունների հետ: «ՌԴ համար նույնպես կարեւոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական արժեքների, թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասել է դեսպանը:

 

 

 

ԴԺՈԽՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչով դիմել ՀՀ քաղաքացիներին. «Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել եւս՝ անհանդուրժողականության եւ հակառակությունների»,- ասված է նրանց հայտարարության մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը նշեց, թե հասարակության վրա հայտարարությունը զգալի կազդի: «Բայց դա կլինի համեմատաբար աներեւույթ, որովհետեւ եկեղեցին պասիվ դիմադրության մակերեւույթ է հասարկության ներսում, նա ակտիվ քաղաքականության գործունեության կրող չէ որպես այդպիսին»: Խաչատրյանը վստահեցրեց, որ եկեղեցին պետք է հանդես գար այդպիսի կոչով.«Դժոխքում մյուս տեղերը, որպես կանոն, թողած են նրանց համար, ովքեր շրջադարձային պահերին քաշվել են իրենց անկյունը եւ աշխատել են իրենց մասնակցությունը բացառել համազգային պրոցեսներից»,- ասաց Խաչատրյանը:

 

 

 

ՈՒՐԻՇ ԴԱՏԱՎՈՐ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փոխվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատավորը. նախկինում այս գործը քննում էր Անդրանիկ Մնացականյանը, իսկ հիմա այս գործով դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը: Դատավորի փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Անդրանիկ Մնացականյանը օրերս նշանակվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին, եւ այն կազմակերպելու կասկածանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:

 

 

ՊԱՐՏՔ Է
Հայաստանի պետական պարտքը մարտի 1-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 961.2 մլն դրամ: Սա, ի դեպ, 9.5 մլն դրամով պակաս է նախորդ ամսվա համեմատ: Մասնագետների պնդմամբ՝ պետական պարտքը նվազել է, քանի որ փետրվարի ընթացքում հսկայական գումարներ են ուղղվել այն փակելու վրա, միաժամանակ Հայաստանը նոր վարկ չի վերցրել: Առայժմ չի վերցրել:

 
«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ՝ ՊԱՏՐԱՍՏ
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ ելույթ է ունեցել Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ եւ նշել, որ այսօր ՀՀ բնակչության 99 տոկոսը վարկերի տակ է, իսկ իրենց՝ իշխանության գալու դեպքում վարկերի տոկոսները կնվազեցվեն, աշխատավարձերը կբարձրացվեն, նաեւ նոր աշխատատեղեր կստեղծվեն: «Ամեն ինչ կախված է ձեզանից, ես այսօր չեմ եկել ձեզ ասելու՝ ձեր ձայնը տվե՛ք ինձ: Ես ասում եմ՝ մենք պատրաստ ենք: Ոչ մեկի խաթր մի՛ արեք՝ ո՛չ ծանոթի, ո՛չ բարեկամի, ո՛չ մարզպետի, ո՛չ գյուղապետի, հենց հիմնական մեղավորները, ձեր տուն քանդողները գյուղապետերն են»,-նշել է նա եւ մեջբերել հայտնի ասույթը՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի:

 

 

ՀԱԿ-Ը՝ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նախընտրական քարոզչության շրջանակում այցելել է Արմավիրի մարզ՝ Արեւիկ գյուղ եւ հանդիպել տեղի բնակիչների հետ: ՀԱԿ անդամների հետ զրույցում գյուղացիներից մեկն ասել է, թե իրենք Հրանտ Գրիգորյանին են ընտրել, բայց իրենց պատգամավորին երբեք չեն տեսել: Ի պատասխան՝ քարոզարշավի մասնակից Վահագն Խաչատրյանն ասել է. «Այսօրվա խորհրդարանի 90 տոկոսը ժողովրդի ձայնը չի ստացել»: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջինը պատրաստ է անցնել քննություն, որ տեսնեն իր եկամուտները, ունեցվածքը, համեմատեն դրանք:

 

 

«ԵԼՔ»-Ը՝ ԵԼՔԵՐ ԽՈՍՏԱՑՈՂ
«Ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամասեր եւ վերցրեք համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջի վրա գրված է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, եւ մի՛ հուսահատվեք, որովհետեւ ելք կա». Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Ելք» դաշինքի քարոզարշավն այսպես է սկսել դաշինքից խորհրդարանական ընտրություններին առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա համայնքի բնակիչներին կոչ է արել վերցնել իրենց դաշինքի նախընտրական քարոզարշավի ծրագրի սեղմագիրքը եւ ծանոթանալ «Ելք»-ի առաջարկած ելքերին:




Լրահոս