ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արմինե Պողոսյանի ամուսինը դժգոհել ռեժիսորից իր կնոջը «տգեղացնելու համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Արմինե Պողոսյանը վերջին շրջանում բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր է վերադարձել Հայաստան։ Նա տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհու հետ զրուցել է «անհետանալու» պատճառների եւ նոր Հայաստանի հետ կապված նրա հույսերի մասին։

-Արմինե, հետաքրքիր է՝ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու նոր հրավերներ ստացե՞լ եք։ Երկրպագուները ակնկալում են տեսնել Ձեզ նոր դերերում։

-Երբ ժամանակ առ ժամանակ լինում եմ Միացյալ Նահանգներում, դժվար է դառնում ընդգրկվել նման նախագծերում։ Դրանք սովորաբար շատ ժամանակ են պահանջում։ Հույս ունեմ, որ հայրենիքում լինելուս ամիսներին կունենամ հրավերներ։ Մինչեւ սեպտեմբեր այստեղ եմ։ Երկար ընդմիջումից հետո կցանկանայի ֆիլմում նկարահանվել՝ կլինի դա կատակերգություն, թե դրամա։

-Հեռուստադիտողները տեսել են Ձեզ մի քանի կատակերգական ֆիլմերում, հումորային կերպարներում։ Չկա՞ մտավախություն, որ ռեժիսորների աչքում կարող եք սպառված երեւալ։

-Երեք ռեժիսորի մոտ եմ նկարվել եւ չեմ կարծում, որ սպառվել եմ։ Այն համոզման եմ, որ դերասանն էկրաններին շատ չպետք է երեւա, պետք է դադարներ վերցնի, որ ժողովուրդը չձանձրանա։ Պետք է նոր առաջարկներով դուրս գալ եթեր, որպեսզի հանդիսատեսին հնարավոր լինի գոհացնել։ Ընդհանրապես, ոչ մի դերասան չի սպառվի, եթե ընկնի ճիշտ ռեժիսորի ձեռքը։ Ցանկացած արտիստ կարող է նորովի դրսեւորվել։ Կցանկանայի, որ այսօր ռեժիսորները միայն ֆինանսի մասին չմտածեին, ոչ պրոֆեսիոնալներին չբերեին ասպարեզ, այլ տեղ տային տաղանդավորներին։ Թատրոններում այնքան հրաշալի դերասաններ ունենք, որոնց էկրաններին երբեւէ չեմ տեսել։ Կուզեմ՝ նոր Հայաստանում այդպես չլինի, որ դերասաններն արժանապատիվ կյանքով ապրեն։

-Գիտենք, որ հատկապես կատակերգություններում նկարահանվելիս կադրից դուրս զվարճալի դրվագների պակաս չի զգացվում։ Կհիշե՞ք դրանցից մեկը։

-Ինչպես հիշում եք, «Սիրո գործակից» ֆիլմում մարմնավորում էի տգեղ աղջկա։ Երբ ինձ առաջին անգամ այդ գրիմով տեսա, սարսափահար եղա, ռեժիսորին ասացի․ «Էս ի՞նչ եք ինձ դարձրել»։ Ինձ ասացին․ «Դու կարող ես եւ պետք է խաղաս», եւ կերպարս ներշնչեց ինձ խաղալ։ Մի օր էլ, երբ Ծաղկաձորում նկարահանումների էինք, սպասում էի իմ տեսարանին, հանկարծ զանգահարեց ամուսինս, ասաց, որ մոտակայքում է եւ ցանկանում է ինձ հետ սրճել։ Ես խառնվեցի իրար, շորս քաշեցի գլխիս, որ ամուսինս ինձ այդ վիճակում չտեսնի։ Ու թեեւ նա ինձ ասաց, որ ես իր համար միշտ էլ գեղեցիկ եմ, միեւնույն է, ռեժիսորին բողոքեց, ասաց․ «Ինչո՞ւ եք կնոջս տգեղացրել» (ծիծաղում է)։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս