Որն է ՄԽ համանախագահների այցի իրական նպատակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դադար է: Բայց սա` միայն առաջին հայացքից, որովհետեւ, այնուամենայնիվ, այս ուղղությամբ ակտիվ քայլեր են արվում: ԵԱՀԿ նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը նշել է, թե ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, կառավարությունը շատ ուժեղ մանդատ է ստացել, եւ դրա հետ կապված ինչ-ինչ ակնկալիքներ կան:

Միաժամանակ այս թեմային անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` իր հերթին պնդելով, որ ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել երկխոսության պայմանների ստեղծմանը, լուծումը պետք է ընդունվի կողմերի միջեւ ուղիղ բանակցություններով: Լավրովը նաեւ նշել է, թե ՀՀ-ում նոր կառավարության ձեւավորումից հետո լրացուցիչ ժամանակի կարիք կա՝ «հասկանալու համար, թե տվյալ փուլում որքան ակտիվ ու խորն է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը»:

Մինչ այդ երեկ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երեւան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Մնացականյանի հետ: Այսօր նրանք մեկնելու են Բաքու: Փաշինյանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ վարչապետը համանախագահներին ներկայացրել է Ալիեւի հետ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:

Ու քանի որ այս անգամ համանախագահները չեն մեկնելու Ստեփանակերտ, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է` երբեմն նման բացառություններ լինում են, իսկ չգալու պատճառ կարող է լինել նաեւ այցի թեմատիկան: Ըստ նրա` այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների ու պատասխանատուների միջեւ հանդիպումը. «Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս, գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ»:

Նկատենք, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. համանախագահների հետ վարչապետի հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության մեջ որեւէ խոսք չկա Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին, այլ ընդամենը հեռավոր ակնարկներ` «հետագա քայլերն ուրվագծվելու» մասին: Մինչդեռ Արցախի նախագահի խոսնակն, ընդհակառակը, պնդում է, թե ՄԽ համանախագահների այցի նպատակը երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումը կազմակերպելն է:




Լրահոս