Հայկ Սարգսյանը հեռուն գնացող նպատակներ է դրել իր առջեւ. լուրջ հարված խոսքի ազատությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տեւական ժամանակ է` մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին` նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան, եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ»:

Պատգամավորն այս հայտարարությունն այնպիսի ոգեւորությամբ էր տարածում, ասես հերոսություն է արել` լրատվամիջոցների դեմ արշավ սկսելով: Նա չի հասկանում, որ իշխանության ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի անդամ դառնալուց հետո պետք է պատրաստ լիներ ամենադաժան քննադատության թիրախում հայտնվելու: Իշխանության ներկայացուցիչ դառնալը միայն հաճույք կամ արտոնություն չէ, այլ նաեւ կոնկրետ պատասխանատվություն՝ անխուսափելի քննադատության չափաբաժնով: Բայց, փաստորեն, Հայկ Սարգսյանը չի համակերպվում այդ մտքի հետ եւ ավելի հեռուն գնացող նպատակներ է իր առջեւ դրել:

Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ հայտարարել է. «Ոչ միայն դիմել ենք, որ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցեն, դիմել ենք նաեւ, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի: Դիմել ենք ՀՔԾ, հիմա նյութեր են նախապատրաստվում: Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»: Ստացվում է, որ Հայկ Սարգսյանի եւ ինչ որ աղջիկների զվարճանքի մասին պատմող ռեպորտաժները ազգային անվտանգության հարց են, կամ այն, որ Հայկ Սարգսյանը իր ակումբային ընկերուհիներին տարել է նախագահի նստավայր, դա նորմալ է, բայց որ լրատվամիջոցները գրել են այդ մասին, ազգային անվտանգության հիմքեր են խարխլում:

Բայց այս իրավիճակում ամենամտահոգիչն այն հանդգնությունն է, որ Հայկ Սարգսյանի ու իր փաստաբանի մտքով անցել է իրենց համար անցանկալի լրատվամիջոցները ուղղակի փակել տալ: Սա արդեն լուրջ հարված է ոչ միայն խոսքի ազատությանը, այլեւ ժողովրդավարությանը մեր երկրում ընդհանրապես: Սա պետք է մտահոգի հատկապես այն «գրանտակեր» կառույցներին, որոնք օրումեջ հայտարարություններ են տարածում այս կամ այն լրագրողի վրա բղաված որեւէ գործչի վերաբերյալ, սակայն լռում են այս դեպքում:

Մինչդեռ պետք է ընդվզել այս երեւույթի դեմ, հակառակ դեպքում այս նախադեպը կարող է անդառնալի լինել, եւ յուրաքանչյուր ոք դիմի ՀՔԾ, ազգային անվտանգության «քողի տակ» լրատվամիջոց փակել տա:




Լրահոս