Փորձաքննության եզրակացությունը «Լիդիան Արմենիա»-ի համար դրական է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին հայտնի կլինի Ամուլսարի հանքի շահագործման ճակատագիրը: Լիբանանյան «Էլարդ» ընկերության վերջնական եզրակացությունը պատրաստ է եւ այն հաջորդ շաբաթ կտրամադրվի նաեւ կառավարությանը։ Այն, ի դեպ, հանրությանը հասանելի չէ, միայն` դատավարության փուլ հասնելուց հետո։

Սակայն այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շարունակելու է իր աշխատանքները: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների փորձագիտականով դրական եզրակացությունը վաղուց կա:

Արդյոք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, «Լիդիան Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ որեւէ կերպ այս պահին չեն կարող մեկնաբանել։ «Կարող ենք ասել միայն, որ փորձաքնությանը տրամադրել ենք մեր ծավալուն բնապահպանական աշխատանքների բոլոր անհրաժեշտ ապացույցները։ 20 հազար էջ փաստաթուղթը «Լիդիան Արմենիա»-ն տրամադրել է քննությանը, ինքնին խոսուն է եւ «Լիդիան»-իի աննախադեպ բնապահպանական աշխատանքի ապացույցն է»։

Նշենք, որ նախօրեին ՀՀ կառավարության նիստին քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին: Այն բաղկացած է եղել 188 թերթից եւ 2 հավելվածից: Վերջնական եզրակացությունը՝ վերջնական սրբագրված, օգոստոսի 7-ին վաղ առավոտյան փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին եւ դրա համապատասխան հայերեն թարգմանությունը վերջնական սրբագրվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեի նախագահից հետաքրքրվեց, թե սրբագրված վերջնական տարբերակը երբ կտրամադրվի կառավարությանը, որպեսզի այն քննարկվի: Վարչապետի հարցին ի պատախան Հայկ Գրիգորյանն արձագանքեց`նշելով. «Կարծում եմ առավելագույնը երկուշաբթի կամ երեքշաբթի»:

Ի դեպ, անկախ բնապահպանները մտահոգված են այն բանից, որ «Լիդիան Արմենիա»-ն ստացել է այդ եզրակացությունները, նույնիսկ իր առարկություններն ու հարցադրումները ներկայացրել դրանց վերաբերյալ, մասնակցել քննարկումներին` քննչական կոմիտեում եւ այդ լիբանանյան ընկերության հետ։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս