Ինչպես են իրականում պաշտոն և գիտական կոչում ստանում. տնտեսագիտական համալսարանում նոր սկանդալ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ ուսանողները դիմել էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին եւ հայտնել Գալոյանի գիտական աշխատություններում իրենց կողմից բացահայտված արտագրության դեպքերի մասին:

Իսկ, ահա, օրեր առաջ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Դիանա Գալոյանի վերաբերյալ նյութերը ստացվել են, այն մակագրվել է Գիտության կոմիտեին: Ապա հույս էր հայտնել, որ իրեն էլ կներգրավեն այդ աշխատանքների մեջ, եւ կկարողանա գնահատական տալ: «Քանի դեռ ոչ ոք պաշտոնական գնահատական չի տվել Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ` ո՛չ աշխատանքի հեղինակը, ո՛չ պետական որեւէ մարմնից, ես թույլ չեմ տա ինձ մեկնաբանել այն»,- հայտարարել էր Գոգյանը: Բայց զարմանալի է, որ նման խուսափողական կեցվածք չէր որդեգրել ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանի դեպքում: Հիշենք` Ռուբեն Հայրապետյանը հեռացվեց պաշտոնից դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառաբանությամբ:

Ուսանողների`Գալոյանի գիտական հոդվածներում արտագրության դեպքեր բացահայտելու վերբերյալ տեղեկությունը այդպես էլ չի մեկնաբանվում նախարարության կողմից: Նկատենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Բացի այս, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է, սակայն ինքը`Գալոյանը, հերքել էր այդ տեղեկությունը`նշելով, որ ինքն ու Թամրազյանը լավ ընկերներ են: Ըստ լուրերի`հենց Թամրազյանն է, որ պահում է Գալոյանին ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ նախարար Արայիկ Հարությունյանն է կանգնել բարդ երկընտրանքի առաջ,քանի որ, ըստ ուսանողների, իրենց հայտնաբերած փաստերն այնքան ակնհայտ են, որ յուրաքանչյուր մարդ կարող է անմիջապես նկատել բառ առ բառ արտագրությունը, ինչը հերքելով` նախարարությունը կհայտնվի անհարմար դրության մեջ: Սակայն եթե հաստատվեն արտագրության այդ փաստերը, ապա նախարարությունը պետք է հեռացնի Գալոյանին, ինչպես դա արեց Ռուբեն Հայրապետյանի դեպքում:

Պարզվում է`նախարարությունը փորձել է խնդրին իր ձեւով լուծում տալ` օգնության դիմելով Գիտության պետական կոմիտե, հույս ունենալով, որ կոմիտեն կարող է չեզոք եզրակացություն տալ (Գոգյանը հայտարարել էր, որ նյութերը մակագրվել են Գիտության կոմիտե) եւ հանրության ուշադրությունը շեղել նախարարից ու ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից:

Սակայն իրականում Դիանա Գալոյանի գիտական հոդվածներով պետք է զբաղվեր ԲՈԿ-ը, ինչպես դա արեց Ռուբեն Հայրապետյանի դեպքում: Կհիշեք, Գոգյանն անգամ հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը «լայնամասշտաբ արտագրություն է»: Սակայն զարմանալի է, թե ինչու է հենց Դիանա Գալոյանի դեպքում ԲՈԿ-ը զերծ մնում գնահատական հնչեցնելուց: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սմբատ Գոգյանին եւ հետաքրքրվեց`ունի արդյոք պաշտոնական գնահատական Գալոյանի գիտական հոդվածների վերաբերյալ: Սակայն արձագանք չեղավ:Իսկ, ահա, Գիտության պետական կոմիտեից պարզաբանեցին, որ իրենց մակագրված նյութերը հետ են ուղարկվել նախարարություն`«Թամրազյանի մոտ», քանի որ դա իրենց գործառույթների մեջ չէ: Նախարարություն եւս դիմեցինք: Պատասխանեցին` հարցերն ուղարկելգրավոր: Դիանա Գալոյանի հետ եւս չստացվեց զրուցել, նա կարճ պատասխանեց. «Կանցերտի եմ»:

Ի դեպ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախարարությունը սկսել է ռեկտորի նոր թեկնածուի որոնումները,քանի որ Դիանա Գալոյանի նշանակումը եւս մեծ աղմուկ եւ դժգոհությունների ալիք բարձրացրեց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ներսում մի քանի անուն է շրջանառվում, այդ թվում` ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանինը: Ի դեպ, համալսարանի ռեկտորի ընտրությունները հնարավոր է տեղի ունենան 2 ամսից, որին չի բացառվում նաեւ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս