Սպառնացել են սպանել Վարդան Ղալումյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Արման Մանուկյանը Իջեւանի Անկախության փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ:

Վարդան Ղալումյանը, հանդիսանալով Իջեւան համայնքի ղեկավար, իշխանության ներկայացուցիչ, ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձի` Արման Մանուկյանի նկատմամբ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Ա. Մանուկյանի նկատմամբ եւ թիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները:

Ա. Մանուկյանը, տեղյակ լինելով այդ կարգադրության մասին, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմանաներում, գնացել է Իջեւանի համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի աշխատասենյակում, նրա վերոհիշյալ ծառայողական պարտականությունների հետ կապված, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք` ասելով, որ ինքը կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ նրան հարկադրել հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:

Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 5-րդ կետով`Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին կարգադրել է կասեցնել Ա. Մանուկյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարության աշխատանքները եւ ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար: 2019թ. հուլիսի 9-ին Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Իջեւանի կոմունալ ծառայության աշխատողները կատարել են ինքնակամ կառույցի քանդումը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը 2019թ. օգոստոսի 30-ին վճռել է Արման Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:

Սույն քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Վասիլ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով միջնորդել է Վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ, մասնակիորեն` պատժի կրման նպատակահարմարության մասով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. օգոստոսի 30-ի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառումը համարել անթույլատրելի: Քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ քրեական գործով դատաքննությունը նշանակված է հոկտեմբերի 30-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս